Պաշտպան․ Միքայել սրբազանը կներկայացվի դատարան, նրան կալանավորելու միջնորդությունը կքննվի
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կտանեն դատարան, նախնական տեղեկություններով` Ավանի նստավայրում է քննվելու կալանքի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեից դուրս եկած փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Քիչ առաջ մենք մասնակցեցինք քննչական գործողություններին, Միքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որոշումը ներկայացվեց դատախազության կողմից, որով նա մեղադրվում էր 422 հոդվածի 2–րդ մասով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Ձերբակալման ժամից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի, հետևաբար մոտակա ժամերի ընթացքում դա լինելու է»,–ասաց Արա Զոհրաբյանը։
Նա ընդգծեց, որ սա աննախադեպ միջամտություն է, ինչպես ոստիկանների և ԱԱԾ ծառայողների կողմից, երբ ներխուժեցին Մայր աթոռի տարածք, այնպես էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որը պարբերաբար գրառումներ է անում։
«Փաշինյանը ոչ կոռեկտ լինելուց զատ նաև ուղղորդում է քննչական մարմիններին։ Այս ծանր ճնշման ներքո արդարադատություն ակնկալելը շատ դժվար է»,–ասաց Զոհրաբյանը։
Sputnik Արմենիա