Մեկ օրում Հայաստանից ՌԴ տարածք է մտել ծիրանով բեռնված 94 մեքենա
Միայն հունիսի 27–ին ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հունիսին ՌԴ է մտել ընդհանուր 720 բեռնատար։ Ծիրանի արտահանումը շարունակվում է։ Միայն երեկ ՀՀ–ից դուրս է եկել ևս 66 բեռնատար՝ բեռնված ծիրանով»,– գրել է նախարարը ֆեյսբուքյան էջում։
4 օր առաջ նախարար Պապոյանն իր մեկ այլ գրառմամբ նշել էր, որ հունիսի 1–23–ը ՀՀ–ից ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է Վրաստան–ՌԴ մաքսային սահմանը։
Հիշեցնենք` ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ ծիրան տեղափոխողները դժվարությունների են բախվել Լարսի անցակետում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծիրանով բեռնված որոշ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից հետ են ուղարկվել փաստաթղթային խնդիրների պատճառով։
Այս և արտահանման հետ կապված մի շարք խնդիրների լուծման համար Գևորգ Պապոյանը ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ հունիսի 23–ին մեկնել էր Վրաստան։
Sputnik Արմենիա