Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը դատապարտել է Մայր Աթոռի վրա հարձակումն ու աջակցություն հայտնել Վեհափառին

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հայտարարությամբ է հանդես եկել։ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտել է Մայր Աթոռի վրա երեկվա հարձակումն ու աջակցություն հայտնել Վեհափառ Հայրապետին։

«Խոր ցավով և մտահոգությամբ տեղեկացանք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ապա Վեհարանի տարածք խուժելու և նման իրավիճակ առաջացնելու մասին: Չէինք կարծում, թե հարցը, ի վերջո, դրան կհասնի, սակայն իրականությունը, կարծես, պայթեց հանկարծ՝ ռումբի չափ ուժգին և ցնցիչ սաստկությամբ:

Կացությունը անդառնալի վիճակի է հասել, սակայն կոչ ենք անում անհապաղ երկուստեք նահանջել, գեթ կանգ առնել այն կետին, ուր մեզ հասցրել են վերջին դեպքերը։ և կանգ առնել՝ հանդարտությամբ և խաղաղությամբ, առանց նոր լարվածություն ստեղծելու, սթափ և զուսպ հոգով, այլապես այս ճանապարհը, եթե շարունակվի, մեզ անդունդ պիտի տանի։ Ուստի պետք է խնայել թե՛ Ազգը, և թե՛ Եկեղեցին՝ խուսափելու համար նոր և ավելի ծանր աղետներից, Եկեղեցու և մեր ժողովրդի մեջ նոր բաժանումներ և պառակտումներ ստեղծելու վտանգից։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աղոթարան ու սրբարան է, «կերպարանք Աստուծոյ անքանակ էութեան», ինչպես պիտի ասէր Նարեկացի։ Այն դարերով Հայուն պետականությունն է եղել, առանց պետական իրավունքի, առանց զորքի և ոստիկանի, բարոյապես թագավորելով մարմնապես հալածված և ընկճված հոգիների վրա, իր ազդեցության շրջանակի մեջ պահելով բախտին այրիացած սերունդները Հայի: Այն կրոնական նվիրապետության կենտրոնը չէ միայն. այլ Հայի հոգևոր հայրենիքը:

Հետևաբար, Հանուն Սրբոց Յակոբյանց Զինվորյալ Միաբանության խստագույնս դատապարտում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայոց Սրբության Սրբոցի հանդեպ վերջին օրերի ամոթալի և անպատվաբեր դրսևորումներն ու գործողությունները: Լիահույս ենք, որ Մայր Աթոռը կշարունակի իր գործունությունը համաձայն վանական և եկեղեցական օրենքների՝ հարգելով ՀՀ օրենքները, իսկ ՀՀ իշխանությունն էլ կվերահաստատի փոխադարձ հարգանքը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրա գահակալի հանդեպ:

Մեր զորակցությունն ենք հայտնում Ամենայն Հայոց Հայրապետին՝ հայցելով Բարձրյալի օգնականությունը և մաղթելով Հայոց Հորը երկար օրեր»,- ասվում է հայտարարությունում։

Alpha News