ՀԲԸՄ-ն Հայաստանի իշխանություններին և եկեղեցուն երկխոսության կոչ է անում

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Հայաստանի իշխանություններին և եկեղեցուն երկխոսության կոչ է արել` հոգևոր առաջնորդների դեմ հարձակումների և քրեական գործերի ֆոնին։ Իր հայտարարության մեջ ՀԲԸՄ–ն նշել է, որ հայ ժողովուրդը խորը ճգնաժամ է ապրում, և վերջին իրադարձությունները ցնցել են Հայաստանի և սփյուռքի հասարակությանը։

«Կարևոր է ընդգծել, որ չպետք է խախտվեն Հայաստանի Սահմանադրությունը և դրա ժողովրդավարական գործընթացները, ինչպես նաև ազգային եկեղեցու հստակ կառավարումը, կապը ամբողջ աշխարհում իր հետևորդների հետ։ Կառավարության հիմնական իրավունքներն ու պարտականություններն են ժողովրդավարական գործընթացի շրջանակներում հարգել առանձին անձանց խոսքի ազատության իրավունքը և ապահովել օրենքների կիրարկումը», - ասվում է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, եկեղեցին ունի իրավունքներ և պարտականություններ՝ այն պետք է հոգևոր առաջնորդությունը ստանձնի և խթանի հայ ազգի հեղինակությունը։ Սահմանադրությունը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը հստակորեն սահմանազատում են պետության և Հայ առաքելական եկեղեցու դերերն ու պարտականությունները։

«Որևէ հաստատության կամ դրա ղեկավարության նկատմամբ կառուցողական քննադատությունը (կամ անհամաձայնությունը) ողջամիտ է, հակասահմանադրական միջամտությունը և ապակառուցողական հռետորաբանությունը՝ ոչ։ Ինչպես ներկայիս կառավարությունը աշխատում է ապահովել Հայաստանի և նրա քաղաքացիների խաղաղությունն ու բարգավաճումը, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցին մեր հավատքի և ազգային ինքնության հիմքն է», - նշված է ՀԲԸՄ հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ Հայ առաքելական եկեղեցին ավելի քան 1700 տարի եղել է առաջնորդող ուժ՝ դիմադրելով կայսրություններին, թագավորություններին, տոտալիտար ռեժիմներին և հայ ժողովրդի համակարգված ոչնչացման փորձերին Հայոց ցեղասպանության ժամանակ։ «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, խուսափել անհամաձայնություններից և վերահաստատել իրենց հանձնառությունը փոխադարձ հարգանքի և ընդհանուր ազգային շահերի վրա հիմնված երկխոսությանը», - ասված է հայտարարության մեջ։

Sputnik Արմենիա