ՌԴ դեսպանատան աշխատակիցներին Բաքվում թույլ չեն տալիս հանդիպել Sputnik-ի լրագրողների հետ
ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին թույլ չեն տալիս հանդիպել ռուսական լրատվամիջոցի լրագրողների հետ Բաքվում՝ առանց որևէ պատճառաբանության։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին թույլ չեն տալիս հանդիպել ռուսաստանցի լրագրողների հետ։ Նման գործողությունների պատճառների մասին տեղեկություն չեն տրամադրում», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նաև նշել է, որ Բաքվում գտնվող ՌԴ դիվանագետները երկու ժամից ավելի է՝ չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ։
Զախարովան հավելել է. «Անհանգստացած ենք մեր լրագրողների համար»։
«Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ–ին, ՆԳՆ–ին և պետական անվտանգության ծառայությանը, սակայն պատասխան դեռ չկա», - եզրափակել է նա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ռուսաստանցի դիվանագետին Ադրբեջանի ԱԳՆ կանչելու մասին տեղեկությունը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարը տվել է անհրաժեշտ բացատրությունները, իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության տակ։ Նրա խոսքով՝ նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների փաստի վերաբերյալ քրեական գործերի քննության շրջանակներում ՌԴ իրավապահ մարմինները ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացրել «կասկածյալների բնակության վայրերում, որոնք Ադրբեջանում ծնված ՌԴ քաղաքացիներ են»։
Sputnik Արմենիա