Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից հանում են նրա նկարով պաստառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից հանում են նրա նկարով պաստառը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ գովազդային վահանակնինքնակամ է տեղադրված, այդ պատճառով էլ ապամոնտաժվում է համայնքի կողմից` առանց տնտեսվարողին տեղյակ պահելու։

 

«Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37‑Ն որոշման 33–րդ կետի համաձայն` այդ մասին համապատասխան կարգով կարող ենք չտեղեկացրել տնտեսվարողին»,– նշեց նա:

Փաստաբան Վարդան Ալոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցները վահանակն ապամոնտաժում են` հղում անելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, մինչդեռ տեղադրած վահանակը իրազեկման ցուցապաստառ էր, այլ ոչ թե գովազդ։

«Տեղադրված վահանակը որպես գովազդ դիրարկելն ու «Գովազդի մասին» ՀՀ օրենքի դրույթները կիրառելն ի սկզբանե արդեն իսկ ապօրինի էր։ Քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների այդ գործողությունները եթե անգամ օրինական լինեին, իրենք չէին կարող սեփականության իրավունքով պատկանող տարածք առանց սեփականատիրոջ համաձայնության ներխուժել»,– ընդգծեց փաստաբանը։

Նա նշեց, որ «Տաշիրի» աշխատակիցները ոստիկանությանը և քաղաքապետարանի ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նրանք իրավունք չունեն գտնվելու մասնավոր տարածքում, նրանց ցույց են տվել այդ որոշումը, սակայն նրանք ոչ միայն դուրս չեն եկել, այլև իրենց բերած տեխնիկան չեն հանել։

Ալոյանը նշեց, որ քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների այդ գործողությունները դատական կարգով վիճարկելու են։

Ցուցապաստառի վրա Սամվել Կարապետյանի լուսանկարն էր` «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրառմամբ։

Ի դեպ, քաղաքապետարանի աշխատակիցները ցուցապաստառի ապամոնտաժումը սկսել են «Ազատություն» բառից։