Գրեթե եռամյա դադարից հետո՝ առաջին անգամ. Պուտինը զրուցել է Մակրոնի հետ

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով, մասնավորապես, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները մանրամասն քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը իրանա-իսրայելական առճակատման և իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածների համատեքստում:

«Պուտինը և Մակրոնը նշել են Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների հատուկ պատասխանատվությունը խաղաղության և անվտանգության պահպանման գործում, այդ թվում՝ մերձավորարևելյան տարածաշրջանում, ինչպես նաև միջուկային չտարածման գլոբալ ռեժիմի պահպանման գործում։ Այս կապակցությամբ ընդգծվել է խաղաղ ատոմի զարգացման՝ Թեհրանի օրինական իրավունքը հարգելու և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության շարունակման կարևորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Երկու երկրների ղեկավարները հանդես են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածքում այլ հակասությունների լուծմանը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով հասնելու օգտին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ դիրքորոշումների հնարավոր համակարգման նպատակով։

Բացի այդ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են նաև ուկրաինական խնդիրները:

«Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելիս Պուտինը հիշեցրել է, որ այդ հակամարտությունն արևմտյան պետությունների քաղաքականության անմիջական հետևանքն է, որոնք երկար տարիներ անտեսել են Ռուսաստանի անվտանգային շահերը, Ուկրաինայում հակառուսական պլացդարմ են ստեղծել, նպաստել են ռուսախոս բնակիչների իրավունքների խախտումներին, իսկ այժմ մարտական գործողությունների ձգձգման գիծ են վարում՝ ժամանակակից տարբեր սպառազինություններով սնուցելով Կիևի ռեժիմին», – հայտնել են Կրեմլում:

Խոսելով խաղաղ կարգավորման հեռանկարների մասին՝ Ռուսաստանի նախագահը վերահաստատել է անհրաժեշտ՝ համալիր և երկարաժամկետ բնույթի հնարավոր պայմանավորվածությունների սկզբունքային մոտեցումները, որոնք պետք է նախատեսեն ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացում և հենվեն տարածքային նոր իրողությունների վրա:

Կրեմլում նշել են, որ Էմանուել Մակրոնի հետ Վլադիմիր Պուտինի զրույցը բովանդակալից բնույթ է կրել:

Հիշեցնենք, որ սա գրեթե երեք տարվա ընթացքում Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների առաջին հեռախոսազրույցն է:

Sputnik Արմենիա