65 կողմ, 30 դեմ. ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացումը թույլ տվող փաթեթը
ՀՀ Ազգային ժողովն այսօր 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Նշենք, որ հուլիսի 1-ին՝ արտահերթ նիստում նախագծի քննարկման ժամանակ, ԱԺ-ում մթնոլորտը թեժ էր։ Ընդդիմադիր պատգամավորները միաբերան պնդում էին, որ խորհրդարան բերված նախագիծը քաղաքական հաշվեհարդար է այլախոհության համար։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նախազգուշացրեց՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը կյանքի կոչվելու դեպքում ոչ միայն վատանալու է համակարգը, այլև Հայաստանը հայտնվելու է ծանր վիճակում։ Նույն խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ նախազգուշացրեց՝ ՀԷՑ–ի պետականացման նախագիծը հանգեցնելու է նրան, որ Հայաստանի միջազգային հեղինակությունն էականորեն տուժելու է, և միջազգային դատական հայցեր են ներկայացվելու ՀՀ-ի դեմ։ Նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ հայտարարեց՝ երբ այս իշխանությունը ստանձնի ՀԷՑ–ի կառավարումը, էլեկտրաէներգիան թանկանալու է, իսկ որակը՝ կրկնակի վատանալու։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր հերթին կատարվողը բնորոշեց որպես «խլելը նորաձև է» օպերացիա։ Ըստ նրա՝ սա ոչ միայն Սամվել Կարապետյանի դեմ է, այլև ազդանշան է մյուսների համար, որ իշխանությունն իր կառուցած բռնատիրությունը պաշտպանելու ճանապարհին մարդկանց ունեզրկելուց, ազատազրկելուց կամ բռնություն գործադրելուց հետ չի կանգնելու։
Մինչդեռ իշխանական պատգամավորների խոսքով՝ նախագիծը դեռ մի բան էլ ուշացած է։ ՔՊ–ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, թե «պետք չէր պետության մեջ պետություն կառուցել»։
Sputnik Արմենիա