BBC․ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՆՉՎՈՒՄ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Եկատերինբուրգում երկու ադրբեջանցիների մահվան շուրջ ծագած դիվանագիտական ​​վեճը հանգեցրել է երկու երկրների միջև մեկ տարվա ընթացքում երկրորդ հրապարակային վեճին։ Այս մասին գրում է BBC-ն։

Երկուշաբթի Բաքվում ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալության գրասենյակում, իրենց պնդմամբ ձերբակալել են ԱԴԾ-ի երկու գործակալների։ Կառավարությանը մոտ կանգնած ադրբեջանական պարբերականները քննադատում են Ռուսաստանի կառավարությանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մոսկվան հայտարարում է, որ ռուսաստանցի իրավապահ մարմինների աշխատակիցների գործողություններին նման արձագանքն արդարացված չէ։

Սակայն Բաքվի կոշտ արձագանքը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ տեղի ունեցած ավելի մեծ տեղաշարժերի արդյունք է։ Ընդամենը մի քանի տարի առաջ այդ կարգի ողբերգությունները երկու երկրների հարաբերությունների վրա նման ազդեցություն չունեին։

Եկատերինբուրգում տեղի ունեցածի նման միջադեպեր, որոնցում ներգրավված են եղել ադրբեջանցիներ, նախկինում էլ են տեղի ունեցել Ռուսաստանում, սակայն դրանք նման արձագանք չեն առաջացրել։ 2021 թվականին Նովոսիբիրսկի մարզում հրազենով սպանվեց 19-ամյա Վեքիլ Աբդուլլաևը։ Պնդում էին, որ նրան կանգնեցրած ճանապարհային ոստիկանության տեսուչը ձերբակալության ժամանակ պատահաբար կրակել է նրա գլխին։ Դատարանը արդարացրել էր տեսուչին, և նա վերադարձել էր աշխատանքի։

Այդ ժամանակ համայնքի ներկայացուցիչները և Ադրբեջանի խորհրդարանի անդամները հետաքննիչները քննադատության ենթարկեցին, սակայն հարցը ամենաբարձր մակարդակի չհասավ։

Անցյալ շաբաթ պաշտոնական արձագանք չեղավ, երբ Սանկտ Պետերբուրգի դատարանը ազատազրկման դատապարտեց մի խումբ երիտասարդների, որոնք իրենց անվանում էին «ադրբեջանական մաֆիա»։ Իրականում նրանք դեռահաս թրեշսթրիմերներ (trash stream) մի խումբ էին, որոնք հարձակվում էին պատահական անցորդների վրա և նկարահանում դա։ Երբ 2023 թվականին նրանց գործը հանձն առավ Քննչական կոմիտեն, խմբավորման առաջնորդը փախավ Ադրբեջան, սակայն Մոսկվայի խնդրանքով արտահանձնվեց։

Սակայն, արտահանձնման հարցերում Ադրբեջանը միշտ չէ, որ փոխադարձաբար է արձագանքել. այս տարի Բաքվի դատարանը հրաժարվել է Ռուսաստանի Դաշնություն վերադարձնել Կրասնոյարսկի նախկին դատավոր Ելենա Խախալևային, որը հայտնի դարձավ իր դստեր հարսանիքի կադրերից հետո, որտեղ ելույթ էին ունեցել Վալերի Մելաձեն, Նիկոլայ Բասկովը և ռուսաստանյան այլ փոփ աստղեր։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը թուլացրել է Մոսկվայի դիրքերը Հարավային Կովկասում։ Ներխուժումից մի քանի օր առաջ Պուտինը և Ալիևը ստորագրեցին դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր։ Երկու երկրներն այդպես էլ իրական դաշնակիցներ չդարձան. Ադրբեջանը Ռուսաստանի գրաված Ուկրաինայի տարածքները բռնազավթված է որակում և մարդասիրական օգնություն է ուղարկում Կիև։

Սակայն Մոսկվան շատ բան է ներում Բաքվին իր մասնակցության պատճառով այն նախագծերին, որոնք նրան կապում են արտաքին աշխարհի հետ ամենախիստ պատժամիջոցների ներքո։ Ադրբեջանի տարածքով են անցնում ոչ միայն կարևորագույն գազատարները, այլև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մի ճյուղը, որը Ռուսաստանին ասիական շուկաներ մուտք գործելու հնարավորություն է տալիս։

«Ռուսաստանն այլևս չի կարող Հարավային Կովկասում իրեն թույլ տալ հանդես գալու կոշտ ուժի դիրքերից», -գրել է տարածաշրջանի բրիտանացի պատմաբան Թոմաս դե Վաալը։

Բաքուն չէր ցանկանա, որ Ռուսաստանը վերականգնի իր նախկին ազդեցությունը Վրաստանում, հատկապես որ էներգետիկ և տրանսպորտային հիմնական ուղիներն անցնում են նրա միջով։ Ադրբեջանը պատրաստ չէ թույլ տալ նաև, որ Հայաստանում իշխանության գան ռուսամետ ուժերը, որոնք դեմ են հարևանների հետ հաշտեցմանը և Լեռնային Ղարաբաղի հարցում պահանջներից վերջնականապես հրաժարվելուն։

Սակայն Մոսկվայի հետ հարաբերություններում հասարակական ճգնաժամն ունի մեկ այլ հասցեատեր՝ Արևմուտքը։

«Ռուսաստանից հեռանալն օգտակար է [Ադրբեջանի համար]՝ սեփական մեղքերը Արևմուտքից թաքցնելու համար», -ասում է Հարավային Կովկասի մասնագետ Կիրիլ Կրիվոշեևը՝ մատնանշելով ադրբեջանական բանտերում պահվող տասնյակ լրագրողներին և ընդդիմադիր գործիչներին։

Իրականում, Ադրբեջանն ու Ռուսաստանը ո՛չ մտերիմ դաշնակիցներ են, ո՛չ էլ բացահայտ թշնամիներ, այլ ինչ-որ միջանկյալ բան, ասում է Քարնեգի կենտրոնի վերլուծաբան Զաուր Շիրիևը։

«Ադրբեջանը հստակեցնում է, որ այլևս պատրաստ չէ պասիվորեն ընդունել Ռուսաստանի վարքագիծը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է իր սեփական շահերին», - հավելել է փորձագետը։

News.am