Բռնաճնշումների շարունակությունն է․ պատգամավորը՝ «Տաշիր»-ում խուզարկության մասին

Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները՝ Հայ առաքելական եկեղեցու վրա ճնշումները, նրա պաշտպանների վրա հարձակումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած սպառնալիքների տրամաբանության մեջ են։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Տաշիր Գրուպ»-ի գրասենյակի մոտ, որտեղ խուզարկություններ են ընթանում։ Դանիելյանի խոսքով՝ գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրավական գործողությունները ճնշումների շարունակություն են։

Ավելի վաղ՝ Ազգային ժողովում, Փաշինյանը հայտարարել էր, որ «բոլորին կբռնի ու կգցի ԱԱԾ-ի նկուղները»։

«Սա տեռորի ու բռնաճնշումների շարունակություն է։ Բռնապետիկը հերթական ստատուսներով ուղղորդում է իրավապահ մարմիններին, որ ճնշումներն էլ ավելի մեծացնեն։ Հստակ ուղղորդված ցուցումներով, հաղորդություններով։ Մայր աթոռին սատարելու գործ է բացվել, ով սատարում է` տանում, լցնում են «պադվալները»»,- հավելեց Դանիելյանը։

Հիշեցնենք, որ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում խուզարկություն է իրականացվում։

Sputnik Արմենիա