ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ՝ ԹՈՒՐՔԵՐԻՑ, ԳԱԶ՝ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՑ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՕՍՄԱՆՅԱՆ ԹԱԿԱՐԴԸ
Ինչպես են սպանում Հայաստանը
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«1-ին հուլիսին ՀՀ Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 22 հարց։ Պատգամավորները պետք է քննարկեն նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման հարցը, ավելի ճիշտ՝ դրա համար օրենսդրական հիմք պատրաստող մեծ փաթեթը։ Այդ ընկերության սեփականատերը՝ ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, երկու ամսով կալանավորված է։ Ավելի պարզ ասած՝ նախաձեռնությունը վերաբերում է Կարապետյանից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի խլելուն։
Նման գործողությունն ունի թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական շահառուներ։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։ «Հանդիպմանը մենք քննարկեցինք Հայաստանի և Թուրքիայի էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները»,- նշել է Խուդաթյանը։
Կարապետյանի ձերբակալության ֆոնին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Հայաստանը թյուրքական աշխարհին ինտեգրելուն ուղղված քաղաքականության ֆոնին, հանրային-քաղաքական դիսկուրսում անմիջապես հայտնվեց մի վարկած, համաձայն որի՝ Խուդաթյանը կարող էր թուրք գործընկերոջ հետ քննարկել Հայաստանի էլցանցերի վերավաճառքը որևէ թուրքական էներգետիկ ընկերության։
Ինքը՝ Խուդաթյանը, հայտարարել է, որ սույն գնահատականները չեն համապատասխանում իրականությանը։ Սակայն իրականությունն այն է, որ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման առանձնահատկությունները, ով ԱԺ նոր ընտրությունների նախաշեմին ցանկանում է Անկարայից ստանալ համակողմանի աշխարհաքաղաքական աջակցություն, նա կարող է փորձել Հայաստանի էլեկտրական ցանցերի ազգայնացումը «վաճառել» Թուրքիայում՝ որպես աշխարհաքաղաքական հավատարմության հերթական ակտ։
Սա ապացույց է այն բանի, որ Փաշինյանը վերահսկում է իրավիճակը երկրում և կոնկրետ քայլերով պատրաստ է ինտեգրել Հայաստանի էներգետիկ համակարգը թյուրքական աշխարհին։
Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի ազգայնացնել Էլեկտրական ցանցերը, առավել ևս վերավաճառել դրանք։ Սակայն, Էլցանցերի շուրջ «շոուն թուրք գործընկերներին վաճառել» նա կփորձի։
Ինչ վերաբերում է ներհայաստանյան դիսկուրսին, ապա բացարձակապես զարմանալի չի լինի, եթե Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկող, այսպես կոչված, փորձագետները ՀՀ քաղաքացիներին համոզեն, որ «մենք կարող ենք էլեկտրաէներգիա գնել թուրքական ընկերությունից, ինչպես գազը կարող ենք գնել Ադրբեջանից» (մանավանդ, որ այս մասին հայտարարություններ հայ պաշտոնյաների կողմից արվում են սկսած 2023 թվականից)։ Այլ կերպ ասած՝ հասարակության մեջ կքարոզվի այն թեզը, որ «մենք մեր էներգետիկ անվտանգությունը կարող ենք հանձնել Բաքվին ու Անկարային», և դա կլինի «ինքնիշխանության դրսևորում» (այս մասին նույնպես արդեն հասցրել էր հայտարարել փաշինյանական պատգամավորներից մեկը՝ Գագիկ Մելքոնյանը)։
Այս իրավիճակում առանցքայինն այն է, որ ՌԴ-ի հետ էներգետիկ ոլորտի կապերի խզումը Հայաստանին այնքան խոցելի կդարձնի, որ էներգետիկ ճգնաժամի նախաշեմին (իսկ մենք ակնհայտորեն ռիսկի ենք դիմում մնալու և՛ առանց էլեկտրաէներգիայի, և՛ առանց գազի) Բաքուն ու Անկարան, էներգակիրների մատակարարման դիմաց, կարող են Երևանից պահանջել իրականացնել մի շարք պահանջներ՝ ապառազմականացումից մինչև հազարավոր ադրբեջանցիների «վերաբնակեցում» Հայաստանում։
Արդյոք սա աշխարհաքաղաքական օսմանյան թակարդ չէ Հայաստանի Հանրապետության համար, որը պատրաստում է Նիկոլ Փաշինյանը։
Մտածե՛ք այդ մասին․․․»։