«ԽԱՉՄԵՐՈՒԿԸ» ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ ՉԷ. ՆԱ ԱՅԼ ՆԿՐՏՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ
Ենթադրենք, թե Փաշինյանն իրավացի է իր ռազմավարության մեջ՝ համոզելու Բաքվին ու Անկարային, թե Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան նույն մակույկի մեջ են՝ ընդհանուր տարածաշրջանային շահերով, ուստի պետք չէ սևեռվել հակասությունների վրա, ավելի լավ է կենտրոնանալ ընդհանուր շահերի վրա։ Փաշինյանը հույս ունի համոզել իր թուրք-ադրբեջանցի վիզավիներին, որ իրենց քաղաքացիների բարօրության և բարգավաճման համար բոլոր երեք երկրներին կայունություն ու խաղաղություն է պետք տարածաշրջանում, նոր ահագնացումը ձեռնտու չէ, ուստի պետք է կարգավորել հարաբերությունները՝ հիմնվելով այն պարզ դրույթի վրա, որ խաղաղությունն ու համագործակցությունն ավելի լավ բան են, քան պատերազմն ու հակամարտությունները։
Փաշինյանը հիմնավորում է նրանով, թե Հայաստանի նախկին պատմական փորձն է թելադրում արտաքին քաղաքական այդպիսի օրակարգ։ Ասել է թե՝ գլխավոր դասը, որ տվել է իրեն 44-օրյա պատերազմը, այն է, որ Հայաստանի ռեսուրսները սահմանափակ են, որքան էլ բանակն ուժեղացնես, միևնույնն է, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զինված ուժերի հետ մրցակցել նա չի կարող, իսկ դաշնակիցների վրա հույս դնել չարժե, ինչպես ցույց է տալիս Առաջին Հանրապետության, ինչպես նաև ներկայիս փորձը։
Նման հաշվարկների արդյունքում Փաշինյանը գիտակցել է, որ պարտավոր է նոր լուծումներ փնտրել հանրապետության անվտանգության ապահովման համար, և այդ լուծումը գտնվել է. այն արտահայտվում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ մերձեցմանն ուղղված քաղաքականությամբ։ Դրա համար անհրաժեշտ է ընդհանուր տարածաշրջանային շահագրգռվածություն, և որպես այդ շահագրգռվածության որոնմանն ուղղված քայլ Փաշինյանն առաջարկում է «խաղաղության խաչմերուկը», որը, իբր, նոր հնարավորություններ է բացում ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի և Ադրբեջանի զարգացման համար…
Ըստ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմն ու Արցախի էթնիկ զտումն իրեն հուշել են, որ Հայաստանն իր անվտանգության համակարգի նոր դասավորության կարիք ունի, և քանի որ Երևանի ընտրության հնարավորությունը մեծ չէ, Փաշինյանն իր վրա է վերցնում դեպի Թուրքիա և Ադրբեջան շրջադարձի պատասխանատվությունը։ Ըստ Փաշինյանի, եթե իրեն հաջողվի այդ մեծ ցատկը, ապա կապահովի Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը հարյուրամյակների համար։
Հանրապետության անվտանգության նոր կառուցվածքի ուղղությամբ աշխարհաքաղաքական շրջադարձի այդ գլոբալ նպատակին հասնելու համար նա ոչինչ ու ոչ մեկին չի խղճա. ո՛չ հոգևորականներին, ո՛չ Սամվել Կարապետյանին, ո՛չ Արցախը, ո՛չ Ցեղասպանության խնդիրը, ո՛չ հայ-ռուսական հարաբերություննեը, ո՛չ «պատմական Հայաստանը». նա թրատում է աջուձախ։
Այսպես կամ մոտավորապես այսպես է տրամաբանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչո՞ւմն է դրա սնանկությունը: Առաջին հերթին՝ իր մեղքի ժխտումը, որ Հայաստանի վերջին վերքերի պատճառը նախևառաջ իր ապաշնորհ քաղաքականությունն է, այլ ոչ թե Հյուսիսը, Հարավը, Արևելքը կամ Արևմուտքը: Բայց այստեղ կարող են առարկել և առարկում են Փաշինյանի թիմի ներկայացուցիչները, ինչպեսև անձամբ ինքը, թե իբր՝ անցած-գնացած բան է, դասերը քաղված են, իսկ ստեղծված իրավիճակում նա իրավացի է. միայն Թուրքիայի և Ադրբեջանի հետ դաշինքով Հայաստանը կարող է ապահովել իր անվտանգությունը։
Միևնույնն է, չի ստացվում: Նախ՝ խնդիրը հանգում է հենց Փաշինյանի անձին. այդքան վրիպումներ թույլ տված մարդը չի կարող լինել պետության ղեկին։ Նրա հրաժարականն են պահանջում ոչ թե աչքերի գույնը չհավանելու, այլ այն պատճառով, որ նրա հետևից ձգվում է նախկին աղետալի ձախողումների շարանը, որոնք ծանր սև խարան են դնում նրա բոլոր նախաձեռնությունների վրա։ Ուստի ո՛չ նրա, ո՛չ էլ իր ձեռնարկումների նկատմամբ հանրային վստահություն չկա։
Ահավասիկ Վեհափառի կուսակրոնության հետ կապված Փաշինյանի վերջին բզիկն էլ հաստատեց դա։ Կարծում ենք, Փաշինյանն ի վիճակի է սթափ գնահատել իրավիճակը և ընդունել, որ չնայած իր բոլոր մանիպուլյացիաներին՝ հասարակությունն իր հետևից չգնաց. հասկացնել տվեց, որ Կաթողիկոսի զավակ ունենալ կամ չունենալը իր՝ Փաշինյանի գործը չէ այն պատճառով, որ ինքը՝ այդքան խոստումները խախտած անձը չէ, որ պիտի դատի…
ԲԱՅՑ ԿԱ Է՛Լ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ, ԹԵ ԻՆՉՈՒ ԹՈՒՐՔԱՄԵՏ ԾՐԱԳՐԵՐԸ ԴԺՎԱՐ ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՆ։ Դա Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումն է։ Անկարայի դիրքորոշումը հայտնի է. Էրդողանը կընդառաջի Փաշինյանին ճիշտ այնքանով, որքանով կհամաձայնեցնի Ալիևի հետ, այդ հարցում նա Ադրբեջանի նախագահին է տրամադրում առաջին ջութակը։
Իսկ Ադրբեջանի նախագահը Հայաստանի հետ բարեկամանալու ոչ մի մտադրություն չունի։ Նա մտադիր է շարունակել զավթախուժումը. լուծարել Մինսկի խումբը, փոխել ՀՀ Սահմանադրությունը, արտատարածքային միջանցք ստանալ դեպի Թուրքիա, Հայաստան վերադարձնել ադրբեջանցի փախստականներին՝ ընդ որում ստանձնելով նրանց անվտանգության երաշխավորի գործառույթը և այլն…
Թե որքանով է Ալիևը պատրաստ հետևողականորեն պաշտպանել այդ դիրքորոշումը, երևում է նրանից, թե ինչպես է նա ... հետևողականորեն ուժգնացնում առճակատումը Մոսկվայի հետ։ Ալիևը նման կտրուկ շարժումների չէր գնա ադրբեջանական հանցավոր խմբավորման երկու ներկայացուցիչների մահվան պատճառով, նույնիսկ եթե հիմքեր կան ենթադրելու, որ այդ խմբավորմանը տանիքավորում են Ադրբեջանի հատուկ ծառայությունները:
Տեղի ունեցածը Ալիևն օգտագործում է որպես Մոսկվային շանտաժի ենթարկելու առիթ... Ալիևը հիմար չէ. հասկանում է, որ իր զավթողական ծրագրերի ճանապարհին խոչընդոտը Փաշինյանը չէ, որը պատրաստ է հանուն իշխանության վերանայել Հայաստանի անվտանգության կառուցվածքը, հուսալով, թե նպաստելով Թուրանի ամրապնդմանը՝ անվտանգության երաշխիքներ կստանա։
Ալիևի ծրագրերի համար խնդիրն այն է, որ Ռուսաստանին դա չի կարող դուր գալ։ Չի կարող Մոսկվան թույլ տալ թուրքական գոտին իր քթի տակ, թույլ տալ, որ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը դուրս մղի իրեն տարածաշրջանից և նոր մարտահրավերներ ստեղծի Ռուսաստանի համար։ Մանավանդ որ Մոսկվան չի կարող անտարբեր նայել, թե ինչպես է Անկարա-Բաքու տանդեմը Փաշինյանի թեթև ձեռքով սպառնում վերածվել Անկարա-Երևան-Բաքու եռյակի։
Փաստացի Մոսկվան այսօր Ալիևի ծրագրերի գլխավոր խոչընդոտն է։ Հասկանալով դա և հենվելով Ռուսաստանի արտաքին և ներքաղաքական խնդիրների բոլոր տեսանկյունների վրա՝ Ալիևը բարձրացնում է խաղադրույքները, նպատակ ունենալով շանտաժով հասնել տարածաշրջանում Ադրբեջանի հեգեմոնիայի ճանաչմանը Մոսկվայի կողմից։
Եթե, օրինակ, Մոսկվան հանկարծ հայտարարի, որ աջակցում է արտատարածքային միջանցքի, «փախստականների վերադարձի» և այլնի վերաբերյալ Ալիևի ծրագրերին, ապա կարելի է չկասկածել, որ Ալիևն անմիջապես կմոռանա և՛ ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի հետ կապված ողբերգական միջադեպի, և՛ «ադրբեջանցիներին ճնշելու» մասին, և առաջին իսկ չվերթով կմեկնի Մոսկվա՝ հավերժական բարեկամության հավաստիքներով։
Դե, իսկ եթե Մոսկվան էլ հանկարծ ասի, որ իմաստ չի տեսնում Հայաստանում ռուս զինվորականների ներկայությանւ մեջ ու դուրս բերի նրանց... Քանի՞ ժամ կպահանջվի Ալիևին Սյունիք ներխուժելու առիթ գտնելու համար: Չարժե տալ այս հարցը մեր արևմտամետներին ու թուրքասերներին. ինչո՞ւ հիմար վիճակի մեջ դնել մարդկանց։