Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազին միջնորդություն են ներկայացրել՝ դադարեցնելու քրեական հետապնդումը: Այդ մասին պաշտպանական կողմն այսօր հայտարարություն է տարածել։
Պաշտպանները, մասնավորապես, նշել են, որ սրբազանին մեղսագրված արարքը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ, ուստի քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման:
«Քննարկվող հանցակազմի իմաստով բռնության կոչեր չեն կարող համարվել իշխանության քննադատությունը, իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության հիմնավորումը, հրաժարականի պահանջը, ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնելու կոչը կամ կազմակերպումը, փոխաբերական իմաստով արված արտահայտությունները»,– նշել են փաստաբանները` հիշեցնելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները:
Հայտարարության մեջ ասվում է, որ հանրային իշխանության մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են հանդուրժել իրենց հասցեին արված ավելի սուր քննադատություն, քան այն, որը թույլատրելի է մասնավոր անձանց հասցեին: Մյուս կողմից, այդ քննադատությունը չի կարող վերածվել բռնության կոչերի, որն անհամատեղելի է խոսքի ազատության իրավունքի հետ:
Փաստաբանական թիմի պնդմամբ` հանցակազմի առկայության համար էական է, որ բռնության կոչերը հրապարակային բնույթ կրեն, այսինքն` լինեն բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի` նրանց դրդելով բռնության կիրառման: Մինչդեռ Աջապահյանի հարցազրույցներում նման բան չկա։
Sputnik Արմենիա