Sevastopol.su․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱՐ ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Sevastopol.su կայքի լրագրող Մարիա Դեգտերևան գրել է «Ռուսաստանի ռազմավարական սխալը. ինչու է Ադրբեջանն ավելի մեծ խնդիր, քան թվում է» վերնագրով հոդված, որում ընդգծվել է, որ Մոսկվան չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում։ Ստորև ներկայացնում ենք հոդվածի ամբողջական տեքստը։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր հարաբերություններում Ադրբեջանի հետ, ակնհայտ պատճառներից բացի (Ռուսաստանում հակամիգրացիոն տրամադրությունների աճը և Էրդողանի ազդեցությունն Ալիևի վրա), ունի մեկ այլ պատմական աղբյուր։
Իսկ մասնավորապես՝ Ռուսաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ։ Հիշեցնեմ, որ 2020 թվականին Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Շուշի քաղաքի նկատմամբ, իսկ 2023 թվականին ադրբեջանական զինված ուժերը զավթեցին ամբողջ Լեռնային Ղարաբաղը։
Առանց մանրամասնությունների և հակամարտության պատմության մեջ խորամուխ լինելու, երկու, իմ կարծիքով, կարևոր պահ կնշեմ։ Ղարաբաղը պատմականորեն հայկական տարածք է։ Ավելին, խոսքն այն հողերի մասին, որտեղ մեր մայրցամաքում հայտնվել են առաջին քրիստոնյաները։ Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմական սրբավայրերի թվում է, օրինակ, իններորդ դարի Դադիվանքը։ Կամ նախկին Տիգրանակերտ քաղաքը, որտեղ ժայռից փորված եկեղեցական համալիրում վաղ միջնադարյան քրիստոնեական բազիլիկայի մնացորդներ են պահպանվել։ Քրիստոնեական քաղաքակրթությունը կորցրեց Ծիծեռնավանքը, որը ենթադրաբար կառուցվել է չորրորդ դարում, և շատ, շատ այլ բաներ։ Նշեմ, որ Ռուսաստանի ամենավաղ սպիտակ քարե վանքերը թվագրվում են 11-12-րդ դարերին, ինչը նշանակում է, որ մենք խոսում ենք շատ կարևոր ճարտարապետական հուշարձանների և վայրերի մասին, որտեղից քրիստոնեությունը տարածվել է մեր տարածքներում։
Ադրբեջանը աշխարհիկ պետություն է, նախկին խորհրդային հանրապետություն, կասեն լիբերալները՝ զգալով, թե ուր է տանում դիսկուրսը։ Այո՛, ճիշտ է, կպատասխանեմ, բայց Չեչնիան նույնպես մինչև 1994 թվականը աշխարհիկ էր և նախկին խորհրդային հանրապետություն։
Ադրբեջանը մեր հարևանն է, Ռուսաստանում ապրում է երեք միլիոն ադրբեջանցի։ Եվ Խորհրդային Միության կազմում անցկացրած 70 տարիներն ապարդյուն չէին։ Բայց մտածելակերպով նրանք, իհարկե, թյուրքական ժողովուրդ են, որոնք խոսում են նույն լեզվով, ինչ այսօրվա թուրքերը։ Ռուսաստանը միշտ հանդես է եկել որպես Ադրբեջանի անվտանգության երաշխավոր, այդ թվում՝ ֆինանսական առումով, ընդսմին Թուրքիան ու Ադրբեջանը բառացիորեն ազգականներ են։ Դա նույնն է, ինչ երեխայի համակրանքը համեմատես ինքնավստահ և հարուստ զարմիկի և նրա սեփական հոր նկատմամբ համակրանքի հետ։
Առաջինը գուցե վատը չէ, բայց նրան արյունակցի կողմն է ձգում։ Եվ այս առումով Ալիևը, որը երկար տարիներ հավասարակշռում էր Էրդողանի և Պուտինի շահերի միջև, իր ընտրությունը կատարեց հենց հիմա։ Եվ դա մեր օգտին չէ։
Ինչո՞ւ դա տեղի ունեցավ։ Կարծում եմ՝ հիմնական պատճառներից մեկն էլ հենց այն է, որ Ղարաբաղը զավթվեց գրեթե առանց կռվի։
Այո՛, Փաշինյանն ինքն՝ իր սեփական ձեռքով, կորցրեց իր տարածքը և դավաճանեց սեփական ժողովրդին։ Բավական է հիշել երկու օրվա ընթացքում այնտեղից տարհանված բնակիչներին, որոնք ստիպված եղան լքել ամեն ինչ՝ իրենց տները, կենդանիներին և ունեցվածքը։ Այո՛, Փաշինյանն իր հետաքրքիր պարն է պարում արևմտյան ժողովրդավարությունների առջև՝ զոհաբերելով սեփական ժողովրդին։ Մինչդեռ Ռուսաստանը դեռ կարող էր ինչ-որ բան ձեռնարկել։
Ի վերջո, Սիրիայի համար ուժեր և ռեսուրսներ գտնվեցին։ Իսկ Հայաստանի համար՝ ոչ, «թե բա մենք ուրիշների գործերին չենք միջամտում»։
Ամեն ինչ, իհարկե, հրաշալի է, բայց կա մեկ կարևոր պահ. Ադրբեջանը 70 տարի ԽՍՀՄ-ի կազմում է եղել։ Եվ մենք մեր ամբողջ պատմության ընթացքում կռվել ենք թուրքերի դեմ։ Գրեթե այնքան ժամանակ, որքան Ռուսաստանը գոյություն ունի։