ԽՈՅԻ ԵՎ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏ Է
Քաղաքագետը բացատրել է նպատակը
ՀՀ Արմավիրի մարզի Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման հարցը մաքուր քաղաքական ակտ է, որը նպատակ ունի օրենսդիր կամ գործադիր իշխանության կամայական որոշմամբ ՔՊ–ի համար ապահովել բարենպաստ դիրքեր տվյալ համայնքում կամ ընտրական ցիկլում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով` եթե համայնքների միավորման հետ կապված ներկայացվեին տնտեսական հիմնավորումներ, համայնքային զարգացման հիմնավորումներ, և դա չհամընկներ ընտրական ցիկլի հետ, շահարկումներ չէին լինի։
«Բայց մենք չենք լսում ոչ մի տնտեսական հիմնավորում, որևէ փաստարկ, թե ինչու հենց այս պահին պետք է միավորվեն այդ համայնքները։ Սա իսկապես քաղաքական որոշում է, այլ ենթադրություն անել չենք էլ կարող։ Իշխանությունները փորձում են այդ կերպ ապահովել թեկնածու, որովհետև այն թեկնածուն, որին ուզում են Էջմիածնի քաղաքապետի թեկնածու դարձնել (Արգիշտի Մեխակյանը–խմբ.), Էջմիածնի հաշվառում չունի, և փորձում են համայնքների միավորմամբ ապահովել ՔՊ–ի հաղթանակը»,–ասաց նա։
Նրա խոսքով` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի այն հայտարարությունը, թե միավորումը կատարվում է արդյունավետ կառավարման համար,«հերթապահ» հայտարարություն է։ Այս իրավիճակում հարց է առաջանում, ինչու այդ միավորումը տեղի չէր ունենում 1 տարի առաջ, երբ Դիանա Գասպարյանի հրաժարականի պատմություն չկար, երբ չկար Էջմիածնում տեղական ինքնակառավարման ժգնաժամ կամ արտահերթ ընտրությունների տեսլական։
«Այսօր ոչ մի ընթացակարգ չի պահպանվել . ո՛չ հանրային քննարկում է արվել , ո՛չ համայների քաղաքացիների դիրքորոշումն են պարզել, հետևաբար, սա մաքուր քաղաքական ակտ է։ Ցանկացած այլ բացատրություն չի ընդունվում, որովհետև սա համակարգային ռեֆորմի կոնտեքստից դուրս է արվում և հիմնավոր չի կարող համարվել»,–ասաց քաղաքագետը։
Նա ընդգծեց, որ համայնքների խոշորացումն արդեն իսկ անհավասար պայմաններ է ստեղծելու , որովհետև ընդդիմադիր ուժերը որոշակի միջավայրում են պատրաստվում ընտրությունների, իրենք ավելի սահմանափակ ռեսուրսներ ունենալով` աչքի առաջ ունենում են որոշակի կոնֆիգուրացիա, և երբ խաղի կանոնները փոխվում են, դա ավելի նպաստավոր է դառնում իշխանության համար, որովետև նրանք անհամեմատ ավելի շատ ռեսուրսներ և ներազդեցության լծակներ ունեն։ Սակայն Սուրենյանցը վստահ է, որ նույնիսկ այս խոշորացումը չի երաշխավորում ՔՊ–ի հաղթանակը։
Հիշեցնենք` Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական տվեց։
Գասպարյանի հրաժարականից հետո Վաղարշապատի համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը հունիսի 12–ին տապալվեց։ ՔՊ խմբակցության ավագանու 15 անդամները չէին ներկայացել նիստին, ինչի հետևանքով քվորում չապահովվեց։ Նիստին ներկա էին միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների ավագանու անդամներ։
Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 16–ին։