Sputnik Ադրբեջանի ձերբակալված աշխատակիցներին ազատ են արձակել
Sputnik Ադրբեջանի խմբագրության ձերբակալված 5 աշխատակիցներին, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացիություն, չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ են արձակել, հայտնում է Sputnik գործակալությունը։
Կալանքի տակ են մնում գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխն ու գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն ունեն: Դատարանը նրանց կալանավորել է չորս ամիս ժամկետով։
Ադրբեջանի ՆԳՆ-ն հունիսի 30-ին հայտարարել է Բաքվում Sputnik Ադրբեջանի գրասենյակում «հատուկ գործողություն» իրականացնելու մասին:
Ավելի ուշ Sputnik գործակալությունը հայտնել է, որ Բաքվում ուժայիններն անհեթեթ մեղադրանքներով ձերբակալել են երկու ռուս լրագրողների՝ Sputnik Ադրբեջանի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին, ապա կալանավորել 4 ամսով։ Aշխատակիցներին անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել, թե նրանք իբր «ԱԴԾ գործակալներ են»:
Հունիսի 30-ին ՌԻԱ Նովոստին հայտնել է նաև Ruptly-ի աշխատակցուհու՝ խմբագրի ձերբակալության մասին, որը մասնավոր այցով գտնվում էր Ադրբեջանում:
Փետրվարին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր հանրապետությունում Sputnik գործակալության աշխատանքը դադարեցնելու մտադրության մասին։ Sputnik-ի խմբագրությունից հայտնել են, որ Ադրբեջանում աշխատանքի ոչ մի պաշտոնական արգելք չի եղել, հնարավոր տարաձայնությունների կարգավորման թեմայով այդ ընթացքում երկու երկրների ԱԳՆ աշխատանքային խմբերի կառուցողական երկխոսություն է ընթացել։
Sputnik Արմենիա