Բաքվում Ռուսաստանի հյուպատոսն այցելել է «Sputnik Азербайджан»-ի ձերբակալված աշխատակիցներին

Sputnik Ближнее зарубежье-ի թելեգրամյան ալիքը հաղորդել է Ռուսաստանի հյուպատոսի և «Sputnik Азербайджан»-ի գործակալության խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի հանդիպման մասին։ Ալիքի տվյալներով՝ ձերբակալված լրագրողներին տրամադրվել է սնունդ և դեղորայք, և «նրանք իրենց նորմալ են զգում որքան հնարավոր է նորմալ զգալ այս իրավիճակում»։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել էին գործակալության յոթ աշխատակցի, որը «Россия сегодня» մեդիա խմբի մաս է կազմում։ Կարտավիխը և Բելոուսովը կալանավորվել են չորս ամսով։ Եվս հինգն այսօր ազատ են արձակվել քաղաքից չբացակայելու ստորագրության դիմաց:

«Россия сегодня» մեդիա խումբը հայտարարել է, որ Ադրբեջանի ուժայինների գործողությունները անհիմն են, իսկ մեղադրանքները՝ հորինված։ Ըստ մեդիա խմբի ներկայացուցիչների՝ «Sputnik Азербайджан»-ի խմբագրությունը գործնականում շրջափակված է, կալանավորվածների հետ կապ չկա, և ո՛չ նրանց հարազատներին, ո՛չ էլ դիվանագիտական ​​​​առաքելության ներկայացուցիչներին թույլատրված չէ տեսակցել նրանց։ Հատկապես մտահոգիչ է Իգոր Կարտավիխի առողջական վիճակը, որը պարբերաբար դեղորայք ընդւոնելու կարիք ունի, ներառյալ՝ ինսուլինի։

«Россия сегодня»-ն պահանջել է լրագրողների անհապաղ ազատ արձակում՝ ընդգծելով, որ նրանք կատարում էին իրենց մասնագիտական ​​պարտականությունները։ Մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելևը իրադարձությունները որակել է «անարդար և ակնհայտորեն քաղաքականացված քայլ», որը կարող է ազդել Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների վրա։

News.am