ԶՈՐՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑԱԿԵՏՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԱՆՈՒՆՈՎ
Զորյան ինստիտուտը արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Լավ» կուսակցության նախագահ Մուսավաթ Դերվիշօղլուի ներկայացրած օրինագծին, որով առաջարկվում է Թուրքիա-Հայաստան սահմանի «Ալիջան» անցակետն անվանակոչել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշայի անունով։
«Արմենպրես»-ը ներկայացնում է Զորյան ինստիտուտի տարածած հայտարարությունը.
«Խորը մտահոգությամբ և հիասթափությամբ ենք արձագանքում Թուրքիայի խորհրդարանում ներկայացված այն առաջարկին, որով նախատեսվում է Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետը անվանակոչել Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի անունով: Նրա հրամանով պլանավորվեց և իրականացվեց ավելի քան 1.5 միլիոն հայերի կոտորածը, 2000-ից ավելի եկեղեցիների ոչնչացումը, համայնքների վերացումը և միլիոնավոր հայերի բռնի տեղահանումը իրենց հայրենի հողերից:
Հաշտության և համագործակցության հնարավորության խորհրդանիշ հանդիսացող սահմանի անվանումը Ցեղասպանության հետ նույնացվող անձի անունով, խորը անզգայություն է՝ մարդու արժանապատվության, պատմական ճշմարտության և բարոյական պատասխանատվության նկատմամբ: Այսպիսի քայլը վտանգում է արդարությունը՝ լեգիտիմացնելով անցյալի հանցագործությունները և խորացնելով դեռևս բաց վերքերը: Փոխարենը, հորդորում ենք թուրք առաջնորդներին և հասարակությանը՝ ընտրել հույսի, ճշմարտության և համընդհանուր մարդասիրության վրա հիմնված այլընտրանք:
Ինչու սահմանը չանվանակոչել խղճի ձայն հանդիսացող մեկի անունով՝ օրինակ Հրանտ Դինքի՝ հայազգի թուրք քաղաքացու, ով իր կյանքը նվիրեց ազգերի միջև փոխըմբռնմանն ու խաղաղությանը: Նա մարմնավորում էր հայերի, թուրքերի, քրդերի, քրիստոնյաների, մահմեդականների և բոլոր անատոլիական ժողովուրդների միասնության գաղափարը:
Հորդորում ենք թուրք մտավորականներին, քաղաքական գործիչներին և ակադեմիկոսներին՝ հիշել, որ առաջընթացը գալիս է ոչ թե պատմության մոռացմամբ, այլ դրա քաջ ճանաչմամբ: Գերմանիան ճանաչել է Հոլոքոստը, Կանադան՝ բնիկ ժողովուրդների դեմ գործած ոճրագործությունները: Ժամանակն է, որ Թուրքիան ընդունի իր պատասխանատվությունը հայերի, հույների, ասորիների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հարցում, որի հետևանքով ավելի քան 4.5 միլիոն մարդ սպանվեց կամ արտաքսվեց:
Ճշմարիտ ազգային ուժը գալիս է ոչ թե մերժումից, այլ պատմության հանդեպ ազնիվ վերաբերմունքից: Հուսով ենք, որ այս առաջարկը կվերանայվի՝ փոխադարձ հարգանքի, արժանապատվության և համամարդկային արժեքների հիման վրա»:
Թուրքիայի ազգայնական «Լավ» կուսակցության նախագահ, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն օրենքի նախագիծ է ներկայացրել երկրի խորհրդարանի քննարկմանը, որով առաջարկվում է Հայաատանի հետ սահմանին տեղակայված «Ալիջան» անցակետն անվանափոխել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթ փաշայի անունով: Օրինագծի տակ ստորագրել է 28 պատգամավոր։