Սամվել Կարապետյանի խափանման միջոցը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին դատական դեպարտամենտից։
Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը հունիսի 19–ին բողոքարկման էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։
Հունիսի 23–ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի եղբայրը` Կարեն Կարապետյանը, հետ է վերցնում Վերաքննիչ բողոքը, քանի որ այն մակագրվել էր ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավոր Արմեն Դանիելյանին։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ կատարվել է ամեն ինչ, որպեսզի միայն Արմեն Դանիելյանը քննության առնի Սամվել Կարապետյանի կալանքի վերաբերյալ բողոքը:
Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը տեղեկացրել էր, որ Կարապետյանի կալանքի որոշմամբ նրա իրավունքների ոտնահարման հարցը ՄԻԵԴ բողոքարկելիս սպառման ենթակա են միայն այն ներպետական միջոցները, որոնք արդյունավետ են, իսկ տվյալ գործով ներպետական միջոցների արդյունավետությունն ամբողջությամբ բացակայում է։
Միաժամանակ նա նշել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները գրեթե ավարտին են հասցվել։
Sputnik Արմենիա