Սաղաթելյան․ Իսկ ո՞վ չգիտի՝ խաղաղ անհնազանդության համար պետք է պարալիզացնել քաղաքը

Ընդդիմադիր տարբեր խմբեր կազմել, փորձել դուրս բերել փողոց չի նշանակում ահաբեկչական գործողություն նախապատրաստել։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ շաբաթվա մեջ տարբեր օրերի Հայաստանի տարբեր մարզերում հանդիպումներ են ունենում իրենց աջակիցների հետ։

«Իսկ ո՞վ չգիտի, որ խաղաղ անհնազանդության շարժման կազմակերպման համար պետք է պարալիզացնել քաղաքը, փակել փողոցներ, շրջափակել նաև պետական շենքեր խաղաղ անհնազանդության համար։ Դա ոչ միայն ասել ենք, այլև արել ենք ու ոչ թե մեկ անգամ, այլ մի քանի անգամ»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա կարծիքով՝ իշխանությունն այս ամենը, այդ թվում՝ եկեղեցու դեմ արշավն անում է հանրությանը շեղելու համար։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ինքը եղե՞լ է սրբազանի կեցավայրում, Սաղաթելյանն ընդգծեց՝ բազմաթիվ անգամներ է եղել և՛ Բագրատ սրբազանի կեցավայրում, և՛ տարբեր զրույցներ են ունեցել, փողոցային պայքար կազմակերպելու համար աշխատանքներ միշտ էլ արվել են։ Իշխանություններն այս քայլերը ձեռնարկել են ժողովրդական հերթական ճնշումը կանխելու և ոչնչացնելու համար։

Շեշտում է՝ եթե անօրինական գործողություն անելու լինեին, նախորդող 4 տարիներին կանեին։

Ընդդիմադիր պատգամավորը վստահ է՝ այս ամենն անգամ դատարան չի հասնելու, որովհետև ահաբեկչության նախապատրաստման որևէ հիմք և ապացույց չկա, չի էլ կարող լինել։

Sputnik Արմենիա