Տիգրան Ուլուբաբյանը կալանավորված է ավազակությանն օժանդակելու մեղադրանքով

Արցախցի Տիգրան Ուլուբաբյանը և ևս մեկ անձ կալանավորված են ավազակությանն օժանդակելու ու ավազակության մեղադրանքով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են կնոջ և նրա անչափահաս երեխայի ուղղությամբ, պահանջել ոսկյա զարդեր և գումար։ Ք.Բ.-ն ննջասենյակից վերցրել և զարդատուփով նրանց է փոխանցել 7 հատ ոսկյա զարդ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Տ.Ու.-ի (Տիգրան Ուլուբաբյան) և Գ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությանն օժանդակելը), Գ.Մ.-ի նկատմամբ՝ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։

Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քննչական գործողություններ են կատարվում Գ.Մ.-ին հայտնաբերելու և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ մարտին Տիգրան ՈՒլուբաբյանի գործը հայտնի դարձավ հանրությանը, որովհետև նրա փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացրել էր, որ 28-ամյա Տիգրանը Վանաձորի ոստիկանական բաժնում խոշտանգվել է 6 ոստիկանների կողմից։ Երիցյանի խոսքով՝ Վանաձորում երկու զինված դիմակավորված անհայտ անձինք հարձակում են գործել բնակարանի վրա։ Սպառնալով սպանել 28-ամյա կնոջն ու նրա երեխային՝ նրանք տարել են ոսկյա զարդերը։ Կնոջը կանչել են ոստիկանություն՝ ցուցմունք տալու, և նա Ուլուբաբյանին (որը կնոջ ազգականն է) խնդրել է ուղեկցել իրեն։ Վերջինիս խոսքով՝ տեղամասում իրեն կոպիտ ձևով հարցաքննել են, իսկ հաջորդ օրը նորից են կանչել ու ծեծի ենթարկել՝ մի քանի ժամ պահելով բաժանմունքում:

Ի պաշտպանություն Տիգրանի՝ նաև ակցիաներ էին կազմակերպվում։ Մայիսին ԱԺ-ում ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի խոսքով՝ դատաբժիշկները տուժող Տիգրան Ուլուբաբյանի մարմնի վրա ծեծի հետքեր չեն հայտնաբերել, սակայն նշանակվել են մի շարք լրացուցիչ փորձաքննություններ։

Sputnik Արմենիա