Դմիտրի ՍՈՒՍԼՈՎ․ ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՇՈՒՐՋ ՓԱՇԻՆՅԱՆԻ, ԱԼԻԵՎԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ՄԻՋԵՎ ՈՐԵՎԷ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ճգնաժամը, Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև ԱՄՆ-ի դիրքորոշումն Ուկրաինայի հակամարտության և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ։

 

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի հետ ճգնաժամը բացահայտ քաղաքական բնույթ ունի, որն արհեստականորեն ուռճացվում է Բաքվում։

«Ակնհայտ է, որ տեղի ունեցող ձերբակալությունները գործիք են, բայց ոչ տվյալ ճգնաժամի պատճառը։ Այսինքն ՝ Բաքուն շեշտը դնում է առնվազն Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման, առավելագույնը՝ խզման վրա: Մյուս կողմից, այն բանից հետո, երբ Ադրբեջանը ամբողջությամբ վերահսկողության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղը և ռուսական խաղաղապահները հեռացան այնտեղից, պարզ դարձավ, որ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ նվազել է։ Հետևաբար, հավանաբար, հենց այս փուլում Բաքվում եկել են այն մտքին կամ եզրահանգման, որ այժմ կարող են իրենց թույլ տալ այն, ինչ չէին կարող թույլ տալ նախկինում։

Բացի այդ, Ռուսաստանը մեծ կախվածություն ունի Ադրբեջանից պատժամիջոցային ռեժիմները շրջանցելու լոգիստիկ երթուղիների մասով, քանի որ հենց Ադրբեջանով է անցնում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, որում Ռուսաստանը կարիք ունի Հնդկական օվկիանոս դուրս գալու համար։ Կարծում եմ, որ այս ամենը հաշվի է առնվել Բաքվում՝ այն եզրակացությանը գալու համար, որ այժմ, նրանց կարծիքով, Ռուսաստանն ավելի շատ է կախված Ադրբեջանից, քան Ադրբեջանը Ռուսաստանից»,- ասել է Սուսլովը։

Փորձագետի կարծիքով՝ տեղի ունեցողն արտացոլում է տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի ձգտումը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից։

«Հարկ է ուշադրություն դարձնել, որ ճգնաժամը տեղի է ունենում միաժամանակ և՛ ռուս-ադրբեջանական, և՛ ռուս-հայկական հարաբերություններում։ Եվ դա կարող է խոսել այն մասին, որ տեղի է ունենում Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու ինչ-որ համակարգված գործունեություն։ Դեռևս դժվար է գնահատել, թե որքան հեռու կարող է գնալ ներկայիս ճգնաժամը ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Բայց Մոսկվայի հռետորաբանությունն այսօր բավականին զգուշավոր է։ Այո, Ռուսաստանի պաշտոնական իշխանությունները խոսում են այն մասին, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները դաշնակցային են, և դրսից ինչ-որ մեկը փորձում է փչացնել դրանք։ Սա նշանակում է՝ Ռուսաստանը շահագրգռված է չվնասել ռուս-ադրբեջանական հարաբերություններին։ Այս փուլում Ռուսաստանը, հավանաբար, կնպաստի, որպեսզի այս ճգնաժամը մեղմվի, և որքան շուտ, այնքան լավ։ Քանի որ, հավանաբար, Ադրբեջանում նույնպես դժվար թե շահագրգռված լինեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների աղետալի փլուզմամբ՝ ընդհուպ մինչև ռազմական բախում։ Բայց թե որքանով են նրանք պատրաստ հետագայում սրել իրավիճակը, դեռևս դժվար է պատասխանել»,- ասել է Սուսլովը։

Փորձագետը նշել է նաև, որ Ադրբեջանի շահագրգռվածությունն այս ճգնաժամը նախաձեռնելու հարցում կարող է լինել այն, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը լուծելու տեղեկատվական-քաղաքական նախապատրաստություն է ընթանում։

«Ադրբեջանին կարևոր է հասնել «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը, ընդ որում ոչ թե իրանական տարածքով, այլ հայկական, իսկ Ռուսաստանը խոչընդոտում է այդ գործընթացին։ Ռուսաստանը կցանկանար, որ այդ միջանցքն անցներ կա՛մ Իրանի տարածքով, կա՛մ Հայաստանի տարածքով, բայց ռուսական վերահսկողության ներքո, ինչպես ժամանակին պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Դա, ակնհայտորեն, չի բավարարում Ադրբեջանին։ Նա ցանկանում է, որ այդ միջանցքը գտնվի ադրբեջանական վերահսկողության ներքո»,- ընդգծել է Սուսլովը։

Փորձագետը մեկնաբանել է նաև Արևմուտքի դիրքորոշումը Հարավային Կովկասի գործընթացներում։

«ԱՄՆ-ն այժմ ավելի քիչ է փորձում ներգրավվել հետխորհրդային տարածքի գործերում, իսկ ահա Եվրոպան՝ պարտվելով Ուկրաինայում, ակնհայտորեն փորձում է նոր ճակատներ բացել, փորձում է Ռուսաստանին ներքաշել այլ կոնֆլիկտների մեջ, ցանկալի է թեժ ռազմական հակամարտություններ հետխորհրդային տարածքում»,- հավելել է Սուսլովը։

Փորձագետի խոսքով՝ չի բացառվում Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ինչ-որ դավադրության հնարավորությունը։ Հենց դրանով է նա բացատրում Հայաստանի իշխանությունների վերջին գործողությունները եկեղեցու, ընդդիմության և հայտնի գործարար Սամվել Կարապետյանի դեմ։

«Ինչ վերաբերում է Հայաստանին և այն դիրքորոշմանը, որը որդեգրել է Հայաստանի ղեկավարությունը, ինձ թվում է, որ Կարապետյանի և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ Հայաստանի կառավարության գործողությունները խոսում են ներկայիս ղեկավարության՝ Հայաստանում ավտորիտար ռեժիմ հաստատելու ձգտման մասին։ Ինչո՞ւ է Փաշինյանին պետք ավտորիտար ռեժիմը։ Նախ, մենք տեսնում ենք, որ դա բավականին տարածված պրակտիկա է այն մարդկանց համար, որոնք իշխանության են եկել խռովության արդյունքում։ Նրանք ցանկանում են մնալ իշխանության փաստացի ընդմիշտ։ Նրանք կարծես թե պայքարում էին ժողովրդավարության համար, իսկ իրականում իշխանության գալով՝ հաստատում են ավտորիտար ռեժիմ։

Երկրորդ, Փաշինյանն, ըստ ամենայնի, իրականացնում է հայկական քաղաքականության հիմնարար շրջադարձ՝ ինչպես արժեքային, այնպես էլ արտաքին քաղաքականության։ Իսկ դա անհնար է իրականացնել ժողովրդավարական պայմաններում, որովհետև Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է, և միայն խիստ ավտորիտար ռեժիմը տեսականորեն կարող է թույլ տալ իրականացնել այն, ինչ նա փորձում է իրականացնել, այն է՝ մերձեցում Թուրքիայի հետ, հաշտեցում Ադրբեջանի հետ։ Ես չեմ բացառում Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև որոշակի դավադրության և պայմանավորվածության հնարավորությունը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ։

Պատահական չէ, որ այս ամենը հատկապես սրվել է Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցից և Թուրքիայի հետ նրա մերձեցումից հետո։ Ուստի, ես չէի բացառի այն տարբերակը, որ Փաշինյանը մտադիր է Հայաստանի տարածքի մի մասը հանձնել Ադրբեջանին՝ հանուն Թուրքիայի և Ադրբեջանի հետ մերձեցման։ Եվ այստեղ Ռուսաստանը դառնում է որոշակի խոչընդոտ Ադրբեջանի, Փաշինյանի և Թուրքիայի համար, քանի որ Ռուսաստանը դեմ է նման սցենարին և կողմ է այն ամենին, ինչի շուրջ ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ասել է Սուսլովը։

Հարցազրույցի ընթացքում Սուսլովը նաև մեկնաբանել է, թե ինչ եզրակացություններ է անում Ռուսաստանը տարածաշրջանում տեղի ունեցող ամեն ինչից և արդյոք Մոսկվան կպայքարի իր տեղի համար Հարավային Կովկասում, և թե ինչ քաղաքականություն կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևի և Մոսկվայի նկատմամբ։

Alpha News