ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՍՓՅՈՒՌՔԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԻՐ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Իսկ առանց ամբողջ երկրի, այլ ոչ թե միայն Երևանի ձայնը լսելու՝ ընդդիմության մոտ ոչինչ չի ստացվի, վստահ է մեր զրուցակիցը՝ Իրավունքի և հակամարտությունների կարգավորման փարիզյան «Կովկաս» կենտրոնի ղեկավար, ֆրանսահայ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանը։
-Տիկին Չոբոյան, ի՞նչ կարծիքի եք հայաստանյան վերջին իրադարձությունների մասին:
-Ինձ թվում է, որ տեղի ունեցող ամենի իրական պատճառը ժողովրդի և հանրության ուշադրությունն ավելի կարևոր հարցերից շեղելու փորձ է: Ընդ որում հետապնդվում է միանգամից մի քանի նպատակ։
Ամենայն հավանականությամբ, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, և Հայաստանի հարավով անցնող ճանապարհը՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, կտրամադրվի։ Ընդ որում այդ ճանապարհով ակնհայտորեն շահագրգռված է ավելի շուտ Թուրքիան, այլ ոչ թե Ադրբեջանը։ Բաքուն ցանկանում է ստանալ ոչ միայն Սյունիքով անցնող ճանապարհը, այլև Հայաստանի հարավային շրջանն ամբողջությամբ։ Մոտեցումների տարբերությունն այստեղ առանձնակի նշանակություն չունի, քանի որ Անկարան, անկասկած, այստեղ էլ կաջակցի Ադրբեջանին։
Հայաստանի համար դա, բնականաբար, շատ մեծ խնդիր է, ուստի հակվում եմ այն մտքին, որ Եկեղեցու և Կաթողիկոսի վրա հարձակումները, արքեպիսկոպոսների կալանավորումները և մնացյալ ամենը կոչված են շեղելու հանրային ուշադրությունը գլխավորից։
Դժվար է խոսել վարչապետի քաղաքականության և գործողությունների մասին առանց կոշտ գնահատականների։ Իմ կարծիքով, սա ցանկացած պետության առաջին դեմքին անհարիր վարքագիծ, ոճ ու արշավ է ընդդեմ Եկեղեցու։ Վարչապետի գործառույթներն ու պարտականությունները միանգամայն այլ են, իսկ մեր դեպքում դրանք իջել են փողոցային հաշվեպարզումների մակարդակի։
Միգուցե և ամենայն հավանականությամբ Կաթողիկոսն ունի թերություններ, գուցե և ամենայն հավանականությամբ թերություններ ունեն նաև հոգևորականները: Բայց այս ամենը բացարձակապես չի վերաբերում վարչապետին և չի մտնում նրա իրավասության մեջ։ Այն պնդումը, թե քանի որ Եկեղեցին և հոգևորականները զբաղվում են քաղաքականությամբ, ուրեմն պետության առաջին դեմքն էլ իրավունք ունի զբաղվել եկեղեցական գործերով, որևէ քննադատության չի դիմանում:
Նախ, Հայ Եկեղեցին իր պատմության ընթացքում միշտ էլ սերտորեն առնչվել է քաղաքականությանը։ Երկրորդ՝ քաղաքականություն բուն հասկացությունը դասական իմաստով Հայաստանում աղավաղված է, քանզի շատ հաճախ քաղաքականություն ասելով նկատի է առնվում բոլորովին այլ բան։
Օրինակ, Արցախի հարցը, ավելի ճիշտ՝ Արցախի ոչնչացումը, ամենևին էլ քաղաքական խնդիր չէ։ Արցախի ոչնչացումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող իրողություն է, որը սպառնում է ողջ հայ ժողովրդին։ Եթե Եկեղեցին դեմ է արտահայտվում Արցախի կորստին կամ հանձնմանը, դա ամենևին էլ չի նշանակում, թե նա քաղաքականությամբ է զբաղվում։ Երբ ժողովրդի կյանքում տեղի է ունենում շատ կարևոր ինչ-որ բան, Եկեղեցին պարտավոր է զբաղվել դրանով։
Սահմանադրության մեջ չկա Հայ Առաքելական Եկեղեցուն քաղաքականությամբ զբաղվել արգելող դրույթ, իսկ եկեղեցիներում քարոզների ժամանակ արծարծվում են նաև հասարակական-քաղաքական բնույթի հարցեր, որոնք ուղղված չեն այս կամ այն քաղաքական ուժի կամ անհատի դեմ: Այնպես որ այն փաստարկը, թե իբր Եկեղեցին սկսել է քաղաքականությամբ զբաղվել, անհեթեթ է։ Անհնար է պատկերացնել, որ հոգևորականները չխոսեն Արցախի մասին, չնկատեն, որ առկա քաղաքականությունն անդունդ է տանում ժողովրդին։
Վերջապես, ևս մեկ կարևոր հանգամանք։ Պետության ղեկավարությունը միշտ պետք է մնա իր բարձրության վրա, նույնիսկ եթե ինչ-որ մեկն իրեն թույլ է տալիս փողոցային բառապաշար գործածել և անպարկեշտ պահվածք ցուցաբերել: Երկրի առաջին դեմքերը պարտավոր են կանխել նման բաները, մինչդեռ Հայաստանում հենց նրանք են իջեցնում հանրային դիսկուրսն այդչափ ցածր նշաձողի։ Սա շատ լուրջ խնդիր է։
-Կա որոշակի հասարակական կոնսենսուս, որ Հայ Եկեղեցին ազգային ինքնության վերջին բաստիոնն է, որն իշխանությունները ցանկանում են փաստացի ոչնչացնել կամ լիովին ենթարկել իրենց, որպեսզի վերջնականապես խեղդեն ցանկացած դիմադրություն, ապահովեն սեփական հաղթանակը գալիք ընտրություններում և ավարտին հասցնեն Հայաստանի թուրքացման գործընթացը:
-Չունենալով կոնկրետ փաստեր՝ ես չեմ կարող վստահաբար պնդել դա, բայց իրականությունը հենց այդպիսին է, և արդյունք կարող է դառնալ հենց այդպիսի զարգացումը: Վարչապետը պետք է շատ լուրջ մտածի իր գործողությունների հետևանքների մասին, այն մասին, թե ինչ ազդեցություն կունենան դրանք հայ հասարակության և ժողովրդի, Եկեղեցու, երկրի ապագայի, մեր ազգային ինքնության վրա։
-Հայաստանում շատերը կապ են տեսնում տեղի ունեցող ամենի և Թուրքիա կատարած այցի ու Էրդողանի հետ նրա հանդիպման միջև...
-Դա չի կարելի բացառել թեկուզ այն պատճառով, որ նման բան տեղի ունեցավ Թուրքիայում 2016 թվականին, երբ իշխանությունները հայտարարեցին ռազմական հեղաշրջման փորձի մասին: Այն ժամանակ Անկարային զգուշացրել էր Ռուսաստանը։ Եվ տվյալ դեպքում մեծ զարմանք է առաջացնում ԱԱԾ-ի գործունեությունը, որը թշնամիների որոնումներով զբաղված է ավելի շատ երկրի ներսում, քան դրսում։ Այդ կառույցը հետապնդում է հայ քաղաքացիներին՝ տարբեր պետական կառույցներում ներդրված լրտեսներին փնտրելու փոխարեն։ Ես միանգամայն հնարավոր եմ համարում, որ Թուրքիան Հայաստանում ունի զարգացած լրտեսական ցանց տարբեր մակարդակներում, որքան էլ ֆանտաստիկ թվա նման ենթադրությունը։
-Ինչպիսի՞ն եք տեսնում Սփյուռքի դերը հայկական պետության առջև ծառացած գոյաբանական լրջագույն խնդիրների լուծման գործում:
-Սփյուռքն առանձին, ինքնուրույն միավոր էր նախքան Հայաստանի անկախացումը, իսկ այժմ համահայկական կառույցների մեծ մասը, նույնիսկ եկեղեցական, կառավարվում են հայկական իշխանությունների կողմից: Դրա համար էլ Սփյուռքը սկսեց կորցնել իր դեմքը։
Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում սկսվեց սպառողական վերաբերմունքը Սփյուռքի նկատմամբ, անկացվում էր սեփական նպատակներին հասնելու գործիք նրան դարձնելու քաղաքականություն, սկսվեց ՀՅԴ-ի հալածումը։ Երկրորդ և երրորդ նախագահների օրոք այդ քաղաքականությունը մեղմացավ, բայց ամբողջությամբ չվերացավ։ Ամեն դեպքում Սփյուռքին այդպես էլ որևէ նշանակալի դերակատարություն չտրվեց Հայաստանի Հանրապետության կայացման գործում։
Բացի այդ, այն պառակտումը, որ այսօր տիրում է Հայաստանի ներսում, փոխանցվել է նաև Սփյուռքին։ Անուններ չեմ ուզում տալ, բայց այստեղ էլ շարունակվում է առանցքային պաշտոններում անարժան մարդկանց նշանակման քաղաքականությունը։ Մենք հայտնվել ենք ամոթալի վիճակում, երբ կարևոր ոլորտները վստահվել են դրա համար բացարձակապես ոչ պիտանի մարդկանց։ Եվ այս իրավիճակի պատասխանատվությունն կրում են առաջին հերթին երկրի իշխանությունները։
Առանց Հայաստանի առողջացման Սփյուռքին չի հաջողվի հաղթահարել իր «հիվանդությունը»։ Միակ ելքը առանձնանալն է և սեփական խնդիրներն ինքնուրույն լուծել փորձելը, քանզի համահայկական կառույցները դարձել են երկրում այսօր տիրող ամոթալի քաղաքական մշակույթի զոհը:
-Դուք տեսնո՞ւմ եք գործող իշխանությունների կործանարար ուղեգծին դիմադրելու ռեսուրս։
-Ընդդիմության մեջ կան գործունակ ուժեր, ընդ որում՝ ոչ միայն խորհրդարանականի, որոնց գլխավոր առավելությունը աշխարհաքաղաքական մեկ կենտրոնից կախված չլինելու ցանկությունն է և բոլորի հետ փոխգործակցելու ձգտումը. թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի, թե՛ ԱՄՆ-ի ու Եվրոպայի։ Բայց ես դեռ չեմ տեսնում այն առաջնորդին կամ խումբը, որը կկարողանա միավորել այդ ուժերին և համոզել նրանց մի կողմ դնել անձնական հավակնությունները։ Ընդ որում միավորումը ենթադրում է միասնական քաղաքականության մշակում՝ ներգրավելով նաև Փաշինյանին սատարողներին։
Հարկավոր է գնալ և խոսել ժողովրդի բոլոր շերտերի հետ։ Շատ են խոսակցությունները, հարցազրույցները, վերլուծությունները՝ առողջ գաղափարներով ու մտքերով, բայց չկա այն ուժը, որը կակտիվանա ու հետևողական աշխատանք կտանի ժողովրդի հետ ոչ միայն ընտրություններից առաջ, այլև մշտապես: Պետք է գնալ քաղաքներ ու գյուղեր և լսել մարդկանց, իմանալ նրանց խնդիրները և լուծումներ առաջարկել։
Առանց ամբողջ երկրի, այլ ոչ թե միայն Երևանի ձայնը լսելու ոչինչ չի ստացվի։