Ավստրիայի եկեղեցիների խորհուրդը մտահոգված է հայ եկեղեցու շուրջ ստեղծված վիճակով
Ավստրիայի եկեղեցիների խորհուրդը մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ստեղծված լուրջ տարաձայնությամբ:
«Ցավով տեղեկացանք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից բացի այժմ կալանավորված է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Գարեգին Բ կաթողիկոսը կոչ է արել Հայաստանի և ամբողջ աշխարհի հավատացյալներին աղոթել բանտարկյալների և երկրում խաղաղության համար։ Մենք՝ որպես Ավստրիայի եկեղեցիների խորհրդի վարչություն, նույնպես ցանկանում ենք միանալ այս կոչին և աղոթքին»,- ասված է խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ իշխանությունների և դատական համակարգի կողմից բարձրաստիճան հոգևորականների դեմ ուղղված մեղադրանքները հավատ չեն ներշնչում։ Խորապես զարմացած են բարոյական այն զանցանքների համար, որոնցում վարչապետը մեղադրում է Հայաստանի եպիսկոպոսաց դասին և Գարեգին Բ կաթողիկոսին։ Շեշտվում է՝ մտահոգիչ է այն բառամթերքի կիրառումը, որը հասարակության մեջ պառակտումների աճի է հանգեցնում։
Ավստրիայի եկեղեցիների խորհուրդն ընդգծում է՝ Հայաստանն առանց այն էլ լուրջ մարտահրավերների է բախվում։
«Մենք պարզապես պետք է մտածենք Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ փախստականների մասին, ովքեր այժմ ստիպված են նոր կյանք կառուցել Հայաստանում և բոլոր այն հայերի մասին, ովքեր դեռևս գերության մեջ են Ադրբեջանում»,- նշվում է հայտարարության մեջ։
Խորհուրդը միասնության և հասարակական համախմբվածության կոչ է արել, նաև դիմել միջազգային հանրությանը՝ ուշադիր հետևելու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և ակտիվորեն պահանջելու մարդու իրավունքների, մասնավորապես՝ կրոնական ազատությունների հարգանքը։
Հիշեցնում են՝ Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է հայկական ինքնության հենասյունը և հոգևոր սոցիալական ու մշակութային կայունության երաշխավորը։
Նշենք, որ Ավստրիայի եկեղեցիների խորհուրդը էկումենիկ կազմակերպություն է, որը միավորում է լյութերական, ռեֆորմիստական, բապտիստական, մեթոդիստական, Անգլիկան, կաթոլիկ, հին կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները։
Sputnik Արմենիա