Թրամփ․ ԱՄՆ-ն ԲՐԻԿՍ-ին աջակցող երկրների դեմ լրացուցիչ 10% մաքսատուրք կսահմանի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ի «հակաամերիկյան» քաղաքականությանն աջակցող ցանկացած երկրի նկատմամբ լրացուցիչ 10% մաքսատուրքեր կսահմանվեն։ Այս մասին նա գրել է Truth Social սոցցանցում։

«ԲՐԻԿՍ-ի հակաամերիկյան քաղաքականությանն աջակցող ցանկացած երկիր կենթարկվի լրացուցիչ 10% մաքսատուրքի։ Այս քաղաքականության համար բացառություններ չեն լինի», – գրել է Թրամփը։

Մեկ այլ հրապարակման մեջ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հուլիսի 7-ից կսկսի տեղեկացնել մյուս երկրներին իրենց նկատմամբ մաքսատուրքերի սահմանման կամ առևտրային գործարքների կնքման մասին։

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների վրա «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին։ Դրանց բազային դրույքաչափը 10% է կազմել, իսկ 57 երկրների համար ապրիլի 9-ից բարձրացված դրույքաչափեր են սկսել գործել, որոնք հաշվարկվել են կոնկրետ երկրի հետ Միացյալ Նահանգների առևտրային դեֆիցիտից ելնելով՝ որպեսզի դեֆիցիտի փոխարեն հավասարակշռություն լինի։ ԵՄ-ի համար նոր մաքսատուրքերը կազմել են 20%։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովն անցկացվում է հուլիսի 6-7-ը Ռիո դե Ժանեյրոյում։ 2024 թվականից ԲՐԻԿՍ-ի մեջ են մտնում, հիմնադիր երկրներից բացի, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Եթովպիան, Իրանը, իսկ 2025 թվականի հունվարից՝ նաև Ինդոնեզիան։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԲՐԻԿՍ-ը երբեք չի ստեղծվել որևէ մեկի դեմ, այն միմյանց շահերը հաշվի առնելով գործող պետությունների միավորում է։

Sputnik Արմենիա