Մինասյանի ցուցմունքից անցել է 7-8 տարի, նո՞ր եք վերաթարմացնում․ Ավետիսյանը՝ դատախազին

«Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին առաջարկում է Ազգային ժողով ներկայացրած միջնորդության վերնագրում «քրեական» բառը փոխարինել «քաղաքական» բառով։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ արտահերթ նիստում՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդության քննարկման ժամանակ։

«Եվ թող ստացվի, որ պիտի ենթարկենք Արծվիկ Մինասյանին քաղաքական հետապնդման։ Այս դեպքում կլինի ավելի արդար, վերնագիրը լիարժեք կբավարարի իրական բովանդակությանը և կլինի աննախադեպ»,- ասաց Ավետիսյանը՝ խոստանալով՝ իր առաջարկն ընդունելու դեպքում միջնորդությանը ոչ միայն ինքը կողմ կքվեարկի, այլև գործընկերներին էլ կհորդորի նույն բանն անել։

Ըստ պատգամավորի՝ ներկայացված միջնորդությունը ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդման համատեքստում է մի քանի պատճառով։ Նախ, գլխավոր դատախազը պնդում է, թե Արծվիկ Մինասյանը՝ որպես բնապահպանության նախարար և միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, կառավարություն ներկայացրած փաթեթում չի նշել, որ հողի վրա կան ապօրինի շինություններ (խոսքը վերաբերում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված 10,500 քառ մետր տարածքին և դրա վրա կառուցված առանձնատանը, որը վերագրվում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին- խմբ

«Նախ, պարզվում է՝ տվյալ պահին ինքը չգիտեր, հետո է իմացել, այնուամենայնիվ, մարդը ձեզ հարցնում է՝ նման պահանջ կա՞ որևէ նորմատիվ իրավական ակտում։ Դուք լռում եք, որովհետև նման պահանջ չկա, որ ինքը դա որևէ ձևով պետք է նշեր փակագծում կամ տողատակում։ Եթե նշվեր, ավելին, այդ դեպքում կխախտեր օրենքը, որովհետև կնշանակեր, որ այդ անօրինական շինությունը ճանաչել էր որպես օրինական, բացի այդ կսահմանափակվեր ազատ մրցույթի անցկացման պայմանները»,- ներկայացնում է Ավետիսյանը։

Հիշեցնում է, որ Մինասյանը գործողության արդյունքում պետբյուջե տարեկան ավելի քան 600 հազար դրամ մուտք է ապահովվել տարածքի վարձակալության համար (մինչդեռ նախկինում տարածքի համար որևէ վճարում չէր կատարվում - խմբ)։ Գլխավոր դատախազն ու իշխանական պատգամավորները վճարված գումարի չափի հետ համաձայն չեն, նրանց կարծիքով՝ Սևանի ափին կառուցված շքեղ առանձնատան տարածքի վարձավճարը պետք է շատ ավելի բարձր լիներ։ Սրան ի պատասխան էլ Արծվիկ Մինասյանը բացատրեց՝ հաշվարկն արվել է սահմանված կարգով, դա նախարարը չի որոշում։ Հաշվարկվում է կոնկրետ բանաձևով, որի հիմքում հողի կադաստրային արժեքն է։

«Ասում են՝ եթե նշվեր նաև ապօրինի շինությունը, ապա վարձավճարն ավելի բարձր կլիներ։ Բայց ո՞նց ապօրինին նշվեր, այսինքն՝ ապօրինի կառուցապատողը դարձնեին օրինական, որ ավելի շատ վարձավճար վճարվե՞ր»,- հարցնում է Թադևոս Ավետիսյանը։

Պատգամավորն ընդգծում է՝ Սևանի ափին 4000-ից ավելի ապօրինի գույք կա, սակայն Արծվիկ Մինասյանի՝ բնապահպանության նախարար աշխատած ժամանակահատվածում ոչ մի նման ապօրինի շինություն չի կառուցվել Սևանի ափին։

«Այս գործում մեղադրանքի հիմք հանդիսացող մեկ ցուցմունք կա, որը պարզվում է՝ Մինասյանի բացատրությունն է, որից անցել է 7-8 տարի, հիմա նոր գործը վերաթարմացնում եք։ Ի դեպ, քննիչն այդ ցուցմունքից հետո իր շնորհակալությունն ու զարմանքն է, կարծեմ, հայտնել, որ նրա (Արծվիկ Մինասյան – խմբ) գործողությունների արդյունքում պետությունը որոշակի օգուտներ է ստացել։ Փաստորեն մարդը որպես նախարար իր գործը կատարել է օրենքին համապատասխան, հետո հարց է առաջացել ինչ-որ քրեական գործով, ստացել են իրավապահները բացատրություն, անցել է 7-8 տարի, Մինասյանին՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, հորդորել են հանգիստ նստել տեղը, բայց չի արել դա, ու հիմա դրանից ծնվել է այս գործը»,- ասաց Ավետիսյանը։

Sputnik Արմենիա