Բագրատ սրբազանը փաստաբանի հետ որոշել է զրպարտությունների համար հայցեր ներկայացնել
Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ իր պաշտպանյալի հետ որոշել են վիրավորանքների ու զրպարտությունների համար հայցեր ներկայացնել բոլոր օղակների զազրախոսների դեմ:
«Մոտ օրերին դատարան կներկայացվի հայցերի առաջին տասնյակը»,–ֆեյսբուքյան էջում գրել է Խուդոյանը:
Նա ընդգծել է, որ այսօր իրավապահ համակարգը սկզբում սարքում է սուտ, այնուհետև սեփական սուտը ուռճացնում է, որից հետո հղում է անում սեփական ուռճացված ստին։
Ըստ Խուդոյանի, Քննչական կոմիտեն կեղծել է արքեպիսկոպոսի՝ կողմնակիցների հետ խոսակցությունների ձայնագրությունը (ՔԿ-ն հերքել է կեղծման փաստը – խմբ.): Փաստաբանը հայտարարել է, որ կան բազմաթիվ նյութեր, որոնք հերքում են հետաքննության փաստարկները։
Նշենք, որ օրեր առաջ էլ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը հայտարարեց, որ սեփական նախաձեռնությամբ հայցադիմումներ է ներկայացնում և ներկայացնելու դատարան՝ Սամվել Կարապետյանի գործարար բարի համբավի, ինչպես նաև արատավորող հրապարակային խոսքի և հրապարակումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով խախտված իրավունքների վերականգնման համար:
Sputnik Արմենիա