Արծվիկ Մինասյան․ Իշխող խմբակցության ելույթները հասնում են աբսուրդի

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ելույթների բովանդակությունը հաճախ հասնում է աբսուրդի։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հուլիսի 7-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում, որտեղ քննարկվել է գլխավոր դատախազության միջնորդությունը՝ իրեն քրեական հետապնդման ենթարկելու համաձայնություն տալու վերաբերյալ։

Մինասյանի խոսքով՝ գլխավոր դատախազի ելույթը ոչ մի կերպ չի համապատասխանում օրենքի տրամաբանությանը։ «Եթե իրավունքի վերաբերյալ մակերեսային պատկերացումներ ունեցող, օրենքները սխալ մեկնաբանող ու միայն հրամաններ կատարող անձը փորձում է ինձ վերագրել անօրինական գործողություն, ես պարզապես չեմ կարող լռել։ Այո, ես զայրացած եմ, որովհետև վիրավորված եմ՝ ինձ հասցված մեղադրանքից», — հայտարարել է պատգամավորը։

Նա ընդգծել է, որ եթե իր դեմ թեկուզ փոքր իրավական հիմքով մեղադրանք լիներ, ինքն անձամբ կամաչեր հանդես գալ Ազգային ժողովի ամբիոնից։

News.am