Երուսաղեմի հրապարակն անվանակոչվել է հայազգի լուսանկարիչ Էլիա Կահվեջյանի անունով

Երուսաղեմի իշխանությունները քաղաքի հրապարակն անվանակոչել են Հայոց ցեղասպանությունը վերապրած հայտնի լուսանկարիչ Էլիա (Եղիա) Կահվեջյանի անունով: Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։

«Էլիա Կահվեջյանի անվան հրապարակ. Հայոց ցեղասպանությունը վերապրած լուսանկարիչ, Երուսաղեմի սիրահար», - գրված է ցուցանակի վրա։

Նշենք, որ լուսանկարիչը ծնվել է Ուրֆայում։ 1915-ին, երբ նա 5 տարեկան էր, երբ ականատես դարձավ Ուրֆայի հայ բնակիչների ապստամբությանը թուրքական բանակի դեմ: Երբ ապստամբությունը ճնշվեց, նրա հայրը և եղբայրներից մեկը սպանվեցին, իսկ մնացած հայ բնակչությունը, այդ թվում` կանայք, երեխաներ և ծերեր, ինչպես նաև Էլիան, անցան Դեր Զորի անապատով։ Մահից առաջ մայրը տղային փրկելու համար նրան տվեց անծանոթ քրդի, որն էլ Էլիային երկու ոսկու դիմաց վաճառեց մի դարբնի։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Էլիան, ինչպես և հազարավոր այլ հայ որբեր, հայտնվեց ամերիկյան Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի՝ Նազարեթում գտնվող որբանոցներից մեկում։ Այնտեղ մանկատան աշխատակիցներից մեկը, որն ազգությամբ հայ էր, նրան ծանոթացրեց լուսանկարչական արվեստին։ Այսպիսով լուսանկարչությունը դարձավ նրա կյանքի գործը: Մանկատունը լքելուց հետո Էլիան Երուսաղեմում բացեց իր լուսանկարչատունը։

Այսօր նրա ժառանգությունը պահվում է նրա թոռան՝ Էլիա Կահվեջյանի` Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող «Elia Photo Service» լուսանկարչատանը։

Sputnik Արմենիա