ՔԿ․ ՀԷՑ-ում անհետաձգելի քննչական գործողություններ են քրեական վարույթների շրջանակներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում անհետաձգելի քննչական գործողություններ է իրականացնում ՀՀ քննչական կոմիտեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Նրա խոսքով՝ գործողություններն իրականացվում են նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի գլխամասային գրասենյակում վաղ առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ՀԷՑ–ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանն ասել էր, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, թե իրավապահ որ մարմինն է ներսում և ինչ է կատարվում։

«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- հայտնեց Ավդալյանը։

Նրա խոսքով՝ ՔԿ-ն առաջիկայում հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ: