Ամեն ինչ արդեն որոշված է․ Արթուր Սարգսյանի ելույթից հետո իրավիճակն ԱԺ-ում լարվեց
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը ԱԺ արտահերթ նիստում իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդության քննարկման ժամանակ հայտարարեց` ահաբեկչության մասին մեղադրանքները կեղծ են, դրանք քաղաքական հետապնդում են։
Ինչպես հայտնել ենք, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 7–ին ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը։
«Ժողովրդավարական երկրներում բազմաթիվ են դեպքերը, երբ գլխավոր դատախազը գալիս է ԱԺ՝ գիտակցելով, որ որևէ երաշխիք չունի՝ այդ միջնորդությունը բավարարվելու է, թե հենց իր պաշտոնավարման հարցն է դրվելու։ Բայց մենք աննախադեպ ժողովրդավարական բաստիոնում ենք, ավելի հստակ՝ բռնապետության բաստիոնում ենք։ Այստեղ ամեն ինչ նախապես որոշված է, գրված է, հաստատված է»,- հայտարարեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները նույնիսկ չեն հարգում անմեղության կանխավարկածն ու մեղադրում են իրեն ահաբեկչության մեջ։
Շեշտում է՝ նույնիսկ «մոնտաժված, փոխված ու հարմարեցված ձայնագրություններից» էլ պարզ է, որ իրենք իշխանություններին հեռացնելու ենք օրենքով չարգելված միջոցներով։ Հավելում է՝ պայքարել է ու շարունակելու է պայքարել։
«Ու լավ իմացեք՝ դուք եղած օրվա իշխանությունն եք, դուք հեռանալու եք, հեռացվելու և երբեք չեք մոռացվելու։ Ես երդվում եմ իմ բոլոր սրբություններով՝ քանի ապրում եմ, պայքարելու եմ իմ հայրենիքում «Աստված չպարտվի սատանային, սերը՝ ատելությանը, տերը՝ ստրուկին, վեհը՝ ստորին, ազնիվը՝ խաբեբային, Նժդեհը՝ թուրքին, Սյունիքը՝ Սումգայիթին, նամուսն ու թասիբը՝ անբարոյականությանը» սկզբունքին,- ասաց Սարգսյանը։
Հավելեց՝ քանի որ վստահ է՝ անձեռնմխելիության և կալանքի որոշումն արդեն կան, այս թանկ ժամանակը որոշել է գնալ իր կնոջ և 4 անչափահաս երեխաների հետ անցկացնել, եկեղեցի գնալ, այնուհետև` ՀՀ քննչական կոմիտե։
Պատգամավորի ելույթից հետո իրավիճակն Ազգային ժողովում լարվեց, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց։
Sputnik Արմենիա