«Իրավական տեռոր է». փաստաբանը` ՀԷՑ-ում իրականացվող խուզարկությունների մասին

Այն, ինչ կատարվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում, ընդհանրապես որևէ առնչություն չունի օրինականության հետ և իրավական տեռոր է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Իրավապահները վաղ առավոտից գործողություններ են իրականացնում ՀԷՑ գլխամասային գրասենյակում։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Միաժամանակ խուզարկություն է իրականացվել ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը, որից հետո նա իրավապահների ուղեկցությամբ ՀԷՑ է բերվել՝ քննչական գործողություններին տեղում մասնակցելու։ Միաժամանակ խուզարկություն է իրականացվել ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը, որից հետո նա իրավապահների ուղեկցությամբ ՀԷՑ է բերվել՝ քննչական գործողություններին տեղում մասնակցելու։

«Շատ բարդ է ասել, թե ինչ են փնտրում իրավապահները ՀԷՑ–ում և ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։ Այս պահի դրությամբ առավել մեծ վտանգ ներկայացնող երկու առարկա է առգրավվել խուզարկության շրջանակում։ Վստահ եմ, որ դրա նկատմամբ հանրային մեծ պահանջ կա։ Խոսքը 2 գլխարկի մասին է։ Ենթադրում եմ, որ հանրահավաքի ամենավտանգավոր գործիքներից մեկը գլխարկն է։ Ես ենթադրում եմ, որ ժողովրդավարությանը բնորոշ իրավիճակում ցանկացած գլխարկ, որ պետք է առնչվի հանրահավաքի հետ, պետք է դառնա ամենաինտենսիվ միջամտության առարկա»,– հեգնեց փաստաբանը ավելացնելով`թեև հայ հասարակությունը վաղուց սովորել է խուզարկություններին, բայց իրականում այն խիստ ինտենսիվ միջամտություն է համարվում։

Վարդևանյանը չբացառեց, որ սա հանրությանը վախեցնելու միտում ունի։

Փաստաբանը տեղյակ չէ, թե Նարեկ Կարապետյանը դատավարական ինչ կարգավիճակ ունի։ Նրա խոսքով` ՔԿ–ն այդ մասին չի տեղեկացրել ո՛չ Կարապետյանին, ո՛չ նրա փաստաբանին։

Անդրադառնալով ՀԷՑ–ում իրականացվող գործողություններին` Արամ Վարդևանյանը նշեց` թեև կա խուզարկության մասին դատարանի որոշում, բայց դրանում չկա հստակություն, թե ինչ քրեական վարույթի շրջանակում է այն իրականացվում և ինչ անհրաժեշտությամբ։

«Երբ խուզարկության որոշումից հնարավոր չէ հասկանալ` ի վերջո ինչ շրջանակի է վերաբերում այդ ինտենսիվ միջամտությունը, դա ևս խոսում է այն մասին, որ նշվածը օրինականության հետ ընդհանրապես որևէ առնչություն չունի»,– ասաց փաստաբանը։

Իրականացվող քննչական գործողություններից Արամ Վարդևանյանը տպավորություն ունի, որ իրավապահներն ուղղակի հրահանգ են ստացել վաղ առավոտից խուզարկություններ իրականացնելու, ինչը և անում են։

«Կարծում եմ, որ եթե հուլիսի 4-ի հանրային հավաքը լիներ շատ ավելի սակավաթիվ, այսօր մենք այստեղ չէինք լինի»,– ասաց փաստաբանը։

Sputnik Արմենիա