Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչով դիմել է ՀՀ կառավարությանը
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զորակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և խոր մտահոգություն հայտնել Հայ առաքելական եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ։
ԵՀԽ–ն հայտարարություն է տարածել` նշելով, որ սուրբ վայրերի նկատմամբ ուժի կիրառման և հոգևորականների կալանավորման մասին հաղորդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում կրոնական ազատության պաշտպանության, պաշտամունքի սրբության և կրոնական հաստատությունների ինքնավարության առնչությամբ։
«Մենք նաև գիտակցում ենք այն ազդեցությունը, որ հանրային հռետորաբանությունը կարող է ունենալ տարածաշրջանային լարվածության պահերին։ Խոսքը, որն ընկալվում է որպես թշնամական կամ նսեմացնող կրոնական համայնքների նկատմամբ, վտանգում է խորացնել հասարակական պառակտումները այն ժամանակ, երբ առավել քան երբևէ անհրաժեշտ են միասնությունն ու փոխըմբռնումը»,– ասված է հաղորդագրությունում։
Այս համատեքստում ԵՀԽ-ն կոչ է արել Հայաստանի կառավարությանը ապահովել բոլոր կրոնական առաջնորդների և հաստատությունների պաշտպանությունը, արժանապատվությունն ու օրինական իրավունքները, զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կրոնական կառույցների դեմ ուղղված թիրախավորում կամ հանրային թշնամանքի հրահրում, հարգել կրոնական ազատության, օրինական ընթացակարգերի և հավատքի խաղաղ արտահայտման սկզբունքները և խրախուսել պետական կառույցների և կրոնական համայնքների միջև բաց և կառուցողական երկխոսությունը։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է արել նաև շահագրգիռ բոլոր կողմերին գործել պատասխանատվությամբ, նրբանկատությամբ և հավատարմությամբ այն արժեքներին, որոնք նպաստում են արժանապատվությանը, երկխոսությանը և խաղաղ համակեցությանը։
Sputnik Արմենիա