Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Ազգային ժողովը 62 կողմ, 0 դեմ ձայնելով համաձայնություն տվեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելուն։ Այս մասին քիչ առաջ ԱԺ–ում հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը։

Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։

Այս գաղտնի քվեարկությունից հետո ևս մեկ գաղտնի քվեարկություն կկազմակերպվի այս անգամ արդեն Արթուր Սարգսյանին կալանավորելու համաձայնություն տալու հարցով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Սարգսյանը ելույթ էր ունեցել, նշել, որ արդեն կալանավորման ու անձեռնմխելիությունից զրկելու հրամանը կա, և որ ավելի լավ է ինքը ժամանակ չկորցնի ԱԺ-ում գնա 4 անչափահաս երեխաների մոտ և տիկնոջ հետ այցելի եկեղեցի՝ մոմ վառելու, հետո ինքնակամ կներկայանա Քննչական կոմիտե:

Նախօրեին ԱԺ–ն գաղտնի քվեարկությամբ համաձայնություն էր տվել «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելուն։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին առնչվող միջնորդագրերը վերաբերում են ՔԿ–ի ներկայացրած «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքին, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հրապարակվել են նաև գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրություններ։

News.am