ԳԻՏՆԱԿԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԴԱ ՎԻՆՉԻԻ ԾԱԾԿԱԳԻՐԸ

Մոտ 500 տարի առաջ իտալացի նկարիչ և գիտնական Լեոնարդո դա Վինչին նկարեց այն, ինչն, իր կարծիքով, կատարյալ համամասնություններով տղամարդու մարմին էր։ Այդ ուրվագիծն ամբողջ աշխարհում հայտնի դարձավ որպես Վիտրուվյան մարդ (Homo vitruvianus)։

Դա Վինչիի նկարներում արվեստի, մաթեմատիկայի և անատոմիայի համադրությունը դարեր շարունակ գրավել է գիտնականներին։ Այժմ բրիտանացի փորձագետը պնդում է, որ բացահայտել է գաղտնիքը, թե ինչպես է դա Վինչին կատարյալ կերպով մարդկային կերպարանքը տեղադրել շրջանագծի և քառակուսու մեջ, գրում է Daily Mail-ը։

Գենետիկոս և որակավորված ատամնաբույժ Ռորի ՄըքՍվինին պնդում է, որ դա Վինչիի նկարի երկրաչափական կոդը բացահայտելու բանալին Վիտրուվյան մարդու ոտքերի միջև «հավասարակողմ եռանկյան» օգտագործումն է։

Հետազոտողը պնդում է, որ դա սոսկ պատահական երկրաչափական պատկեր չէ, այն արտացոլում է նույն օրինաչափությունը, որը բավականին հաճախ կարելի է հանդիպել բնության մեջ, գրում է Focus-ը։ Հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ այդ ձևը համապատասխանում է Բոնվիլի եռանկյանը, որը ատամնաբուժական անատոմիայի մեջ երևակայական հավասարակողմ եռանկյունի է։ Այն արտացոլում է մարդու ծնոտի օպտիմալ գործունեությունը։

Մասնագետը նշում է, որ դա ուղղակի ապացույց է նրա, որ դա Վինչին դեռ դարեր առաջ ըմբռնել է մարդու մարմնի իդեալական կառուցվածքը, նախքան ժամանակակից գիտությունը կհասկանար այն։

Հարցն այն է, որ երբ այս եռանկյունին օգտագործվում է գծագիր կառուցելու համար, այն որոշակի կապ է ստեղծում քառակուսու և շրջանագծի չափերի միջև։ Ըստ Սուինիի՝ այդ հարաբերակցությունը կազմում է 1,64, որը գրեթե նույնական է 1,618 թվին, այսպես կոչված «ոսկե հարաբերակցությանը», որը հաճախ հանդիպում է բնության մեջ։

Այս թիվը կարելի է գտնել նաև մարդու՝ կատարյալ գործող ծնոտի երկրաչափության, գանգի համամասնությունների, գերուժեղ բյուրեղների ատոմային կառուցվածքի և այլնի մեջ։

«Բոլորս բարդ պատասխան էինք փնտրում, մինչդեռ բանալին հենց Լեոնարդոյի խոսքերում էր։ Նա շարունակ մատնացույց էր անում այդ եռանկյանին։ Իսկապես զարմանալին այն է, որ այդ նկարը համընդհանուր կանոն է մարմնավորում։ Այն ցույց է տալիս, որ նույն «նախագիծը», որը բնությունն օգտագործում է արդյունավետ նախագծման համար, գործում է նաև իդեալական մարդու մարմնում»,- ասում է գենետիկոսը։

Լեոնարդո դա Վինչին իր նկարը ստեղծել է մոտ 1490 թվականին: Այդ ժամանակ Վերածննդի գիտնականը մասամբ ազդվել է հռոմեացի ճարտարապետ Մարկոս ​​Վիտրուվիուս Պոլլիոյի աշխատանքներից, որի կարծիքով որ մարդու մարմինն ունի ներդաշնակ համամասնություններ: Ըստ նրա՝ մարդկային կերպարանքը կարող է կատարելապես տեղավորվել շրջանագծի և քառակուսու մեջ, սակայն Վիտրուվիոսն իր պնդումների համար երբեք մաթեմատիկական հիմքեր չի ներկայացրել։

Իր հերթին, դա Վինչին, որը լուծել էր այդ հանելուկը, չի փորձել բացատրել, թե ինչպես է դա արել։ Վերջին 500 տարիների ընթացքում գիտնականներն առաջ են քաշել բազմաթիվ տեսություններ և գաղափարներ, բայց դրանցից ոչ մեկը իրական չափումներին չի համապատասխանում։

News.am