Աբդուլլահ Օջալանը հայտարարել է ՔԲԿ-ի զինված պայքարի ավարտի մասին
Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը չորեքշաբթի օրը հրապարակված հազվագյուտ տեսանյութում առաջին անգամ հայտնվել է հանրության առջև՝ հայտարարելով թուրքական պետության դեմ խմբավորման զինված պայքարի ավարտի մասին, հաղորդում է Reuters-ը։
ՔԲԿ-ին կից Firat News գործակալության կողմից հունիսին տարածված յոթ րոպեանոց ձայնագրության մեջ Օջալանը կոչ է արել Թուրքիայի խորհրդարանին ստեղծել հատուկ հանձնաժողով՝ զինաթափման գործընթացը վերահսկելու և ավելի լայն խաղաղության գործընթաց կազմակերպելու համար։
«Զինված պայքարի փուլն ավարտվել է։ Սա պարտություն չէ, այլ պատմական հաղթանակ», - ասել է Օջալանը։ «Զինված դիմադրության փուլն այժմ պետք է կամավոր կերպով զիջի ժողովրդավարական քաղաքականության և օրենքի փուլին»։
Առաջին հայտարարությունը 1999 թվականից ի վեր
Դա 1999 թվականին նրա ձերբակալությունից ի վեր առաջին անգամն է եղել, որ հրապարակվում է Օջալանի կամ նրա ձայնի տեսագրությունը: Կադրում երևում է, թե ինչպես է քրդական շարժման առաջնորդը նստած սեղանի մոտ՝ բաց գույնի պոլո շապիկով և ջրի բաժակով։ Նրա առջև դրված է տպագիր տեքստ, որը նա կարդում է։ Նրա կողքին գտնվում են Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) ևս վեց բանտարկյալ անդամներ՝ բոլորը նայում են ուղիղ տեսախցիկին
«Գլխավոր նպատակը կատարված է»
Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) ավելի քան 40 տարի զինված ապստամբություն է մղել թուրքական կառավարության դեմ և Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս տարվա մայիսին ՔԲԿ-ն որոշել է լուծարվել՝ Օջալանի փետրվարին ուղղված գրավոր դիմումից հետո։
«Գլխավոր նպատակը կատարված է՝ ինքնին գոյությունը ճանաչված», - նշել է Օջալանը։ «Մնացած ամեն ինչ ավելորդ կրկնություն և փակուղի կլինի»։
Նոր փուլ՝ խորհրդարանի միջոցով
Քուրդ առաջնորդը նաև կոչ է արել Թուրքիայի խորհրդարանում ներկայումս երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դեմոկրատական կուսակցությանը համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ և աշխատել բացառապես ժողովրդավարական մեխանիզմներով։
News.am