Պուտինը աշխատանքից ազատել է Լավրովի տեղակալին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Բոգդանովին ազատել է ՌԴ փոխարտգործնախարարի պաշտոնից, ըստ ստորագրված հրամանագրի, հաղորդում է Lenta.ru-ն։
Մեկ այլ հրամանագրով Բոգդանովն ազատվել է նաև Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից։ Երկու փաստաթղթերն էլ ուժի մեջ են մտել ստորագրումից անմիջապես հետո՝ հուլիսի 9-ին։
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ տեղեկությունների՝ Միխայիլ Բոգդանովը համակարգել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետությունների հետ հարաբերությունները, Իսլամական համագործակցության կազմակերպության և այլ միջազգային մուսուլմանական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև սիրիական կարգավորման հարցերը։ Նա դիվանագիտական ծառայությունում աշխատում է 1974 թվականից, 2011 թվականի հունիսից՝ փոխնախարար, իսկ 2012 թվականի հունվարից՝ Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ (2014 թվականի հոկտեմբերից՝ աֆրիկյան երկրների հարցերով):
Հունիսին Բոգդանովը զգուշացրել էր Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածներից առաջացող ճառագայթային վտանգների մասին։ Ապրիլին նա մասնակցել էր Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի հետ խորհրդակցություններին։
News.am