ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ ՊԱՏՐԱՍՏ Է. ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ԱՄԵՆԱՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵ՞ՐՍ
Օրերս Վրաստանի նախագահի նստավայրի ճակատից անհետացավ ԵՄ դրոշը, որը Վրաստանի պետական դրոշի կողքին էր 2018 թվականից ի վեր: Հարևան երկրի իշխանությունները ուղեգիծ են վերցրել դեպի արտաքին և ներքին անկախ քաղաքականություն, հաշվի առնելով «Ուկրաինա ցե Եվրո՛պա» ժողովրդի ողբերգական փորձը, մինչդեռ հայերին առաջվա պես հրապուրում է եվրոպական փաթեթավորումը, չնայած ակնհայտ փաստերին։
2020 թվականի հոկտեմբերին Փաշինյանը մերժեց հայկական զինված ուժերի վերահսկողության տակ Շուշիի և Հադրութի պահպանումով ռազմական գործողությունները դադարեցնելու Պուտինի առաջարկը։ Այդ որոշումը կայացնել պնդեցին նրա արևմտյան տերերը, որոնք նպատակ էին հետապնդում թուլացնել Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում։ Հենց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյա Շառլ Միշելն էին Փաշինյանի կողքին Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ նա ստորագրեց Արցախը Ադրբեջանի մաս ճանաչող փաստաթղթի տակ։ Այսօր Մակրոնի և ԵՄ մյուս առաջնորդների հովանու ներքո Փաշինյանը պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, որը վերջնական խաչ կդնի հայոց անկախ պետականության վրա:
Խոսքը, բացի ամենայնից, ԱՄՆ-ի կողմից վերահսկվող «միջանցքի» շահագործման վերաբերյալ ամերիկա-եվրոպական առաջարկի մասին է։ Նման մի բան ժամանակին առաջարկվել էր Վրաստանի և Ռուսաստանի միջև 2008թ. ռազմական հակամարտությունից հետո լոգիստիկայի վերահսկման համար։ Չի բացառվում, որ այս (դեռևս ոչ պաշտոնական) առաջարկը, որի մասին խոսում էին դեռևս նախագահ Բայդենի օրոք, մտնի Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպման օրակարգ, ինչի մասին արդեն սկսել են խոսել քաղաքական շրջանակներում՝ նշելով, որ հանդիպման օրակարգը պատրաստ է, մնում է ստորագրել միջպետական փաստաթուղթը, զուգահեռաբար կարելի է համաձայնեցնել նաև լոգիստիկայի հարցերը…
Այն մասին, որ Փաշինյանի Ստամբուլ կատարած այցին նախորդած բանակցությունները տևական ժամանակ ընթանում էին ժողովրդի թիկունքում, մեր լսարանին զգուշացրել ենք բազմիցս։ Այժմ, դատելով մի շարք նշաններից, սեպարատ բանակցություններն արդեն անցյալում են. «Մոտ է պահը, երբ Փաշինյանը կստորագրի փաստաթուղթը, որը կամրապնդի ադրբեջանա-թուրքական կողմի բոլոր պահանջները։ Ծրագիրն արդեն մտել է ավարտական փուլ։ Խուդաթյանի այցը Թուրքիա, դրան նախորդած Փաշինյանի այցը վկայում են Էրդողանի և Ալիևի բոլոր պահանջները բավարարելու պատրաստակամության մասին, ուստի հեռանկարում անպայման փաստաթուղթ կստորագրվի, այլապես այդ այցերն ու հանդիպումներն իմաստ չէին ունենա։ Հայկական կողմի հնարավորությունները, որոնց մասին խոսում է իշխանությունը, կարող են կարճաժամկետ լինել, մինչդեռ ռիսկերի մասին կարող ենք դատել իսլամական պետությունների համաժողովի ժամանակ Հայաստանի տարածքում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մասին հայտարարություններով։ Դա երկարաժամկետ ծրագրի առաջին քայլն է։ Նրանց, ովքեր չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, թե ինչ կարող է տեղի ունենալ արդյունքում, խորհուրդ եմ տալիս հիշել Հյուսիսային Կիպրոսի օրինակը, որն անջատվեց Կիպրոսից և անկախ պետություն դարձավ այն պատճառով, որ այնտեղ թուրքերն էին ապրում: Հիմա խոսվում է մեր երկրի տարածքում 300 հազար ադրբեջանցիների մասին, նրանց վերաբնակեցումից հետո նույնպիսի հեռանկար է սպառնում Հայաստանին», - հայտարարել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Քաղաքագետները զգուշավոր, բայց հակված են այն մտքին, որ Բաքուն և Անկարան կօգնեն Փաշինյանի և ՔՊ-ի վերարտադրությանը 2026թ. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով: Ալիևն ու Էրդողանը հանձին իշխող վերնաշերտի պարագլխի տեսնում են ինքնիշխան Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի իրականացման գլխավոր երաշխավորին: Հիշեցնեմ, որ 2021 թվականի մայիսի 12-ից և 2022 թվականի սեպտեմբերի 13-ից մեր երկիրն արդեն մասամբ բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Փաշինյանը հրապարակավ խոստացել էր վերադարձնել այդ տարածքները սահմանազատման ընթացքում (ավելի քան 240 քառ.կմ), Սակայն այդ խոստմանը ոչ ոք, այդ թվում ինքը՝ Փաշինյանը, չի հավատում։ Ալիևը 3 մարզերի բռնազավթված տարածքները դիտարկում է իբրև այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» տարածք։ Փաստաթուղթը, որը, Բաղդասարյանի և այլ քաղաքագետների կանխատեսմամբ, Փաշինյանը կստորագրվի ամենամոտ ժամանակներս, կարելի է բնութագրել որպես սխեմա. «Արևմտյան Ադրբեջան»՝ 2026-ի ընտրությունների արդյունքներով ՔՊ-ի և Փաշինյանի վերարտադրության դիմաց։
Այն հարցին, թե ինչու են Փաշինյանին եվ Ալիեվին շտապեցնում ստորագրել միջպետական փաստաթուղթը, կա միայն մեկ ենթադրյալ պատասխան, որը կապված է վերջին ամիսների ընթացքում ՀՌԳ-ի աննախադեպ առաջխաղացման հետ: Օրերս արձանագրվել է 556 քառ. կմ-ի առաջխաղացում. ամենահզորը վերջին կես տարվա ընթացքում։ Փաշինյանի եվրոպացի և թուրք տերերը ցանկանում են հնարավորինս թուլացնել ռուսական ներկայությունը տարածաշրջանում, դե, իսկ փաստաթղթի տակ ստորագրելու Ալիևի համաձայնությունը թելադրված է նրանով, որ նա եվրոպացիներից արդեն պոկել է առավելագույնը. սկզբում ստացավ Արցախը, թեև Ռուսաստանը 2020-ին խանգարեց, ստիպված էր սահմանափակվել հայկական երկրորդ հանրապետության տարածքի 75% - ով։ Ավելի ուշ Պրահայում եվրոպացիներն օգնեցին ավարտին հասցնել գործընթացը։
Հայկական երկրորդ հանրապետության ամբողջական բռնազավթումը տեղի ունեցավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո։ Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում արձակեց Ալիևի ձեռքերը. դեկտեմբերի 12-ին նա սկսեց Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչն ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերին՝ ցեղասպանությամբ և Արցախից 120 հազար հայերի բռնի տեղահանմամբ։ Հիմա Ալիևը Եվրոպայից կստանա Հայաստանի մի մասը՝ Մոսկվայի հետ առճակատման դիմաց, այդ առճակատման դրսևորումներին ականատես ենք ամեն օր։ Ադրբեջանը Ռուսաստանից պոկելու համար եվրոպացիները որոշել են վճարել Սյունիքով, Փաշինյանը չի առարկում…
«Խաղաղության խաչմերուկը» մեկ գոտի է, մեկ ճանապարհ, որը կվերածի տարածաշրջանը Եվրոպայի և Ասիայի հատման ու կապի հանգույցի, որտեղ Չինաստանից կգան կանաչ տեխնոլոգիաներ և այլն. սա շեղող հնարք է նրանց համար, ովքեր նախընտրում են ապրել լվացած ուղեղով: Այդ պերճախոսության տակ թաքնված է Հայրենիքը հայերից խլելու, ինքնիշխան պետությունը թուրքական վիլայեթի վերածելու ճղճիմ փորձ։ Դե, իսկ փաստաթղթում, որի մասին զգուշացնում են քաղաքագետները, ամենայն հավանականությամբ, կլինի ՀՀ տարածքում երրորդ երկրների զինված ներկայությունն արգելող կետ։
Խոսքը Գյումրիից ՌԴ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին է։ Կարծում եմ ՝ այդ հեռանկարը Փաշինյանն արդեն քննարկել է Էրդողանի հետ Ստամբուլում, իսկ հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին, հիշեցնեմ, նա, ըստ էության, հասկացնել տվեց, որ Զանգեզուրի միջանցք կոչվածը գրեթե պատրաստ է, ճանապարհներն արդեն կառուցված են, և դրանք չեն խանգարում Մեծ Թուրանի առաջխաղացմանը…
Ի դեպ, շատերը վերջին շրջանում ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Փաշինյանն իր մենախոսություններում դադարել է հիշատակել 29 հազար 743 քառ.կմ-ի մասին. ըստ երևույթին, բռնազաթված ավելի քան 240 քառ. կմ-ին շուտով կավելանան այլ տարածքներ: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն օրերս կարծիք հայտնեց, որ «Ալիևը մատների վրա խաղացրեց Պուտինին»՝ չկատարելով ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության և ԱԴԾ-ի վերահսկողության տակ «միջանցք» բացելու իր խոստումները: Նրա խոսքերով, Ալիևը դեռևս 3-4 ամիս առաջ բռնաճնշումներ էր սկսել այն հայրենակիցների նկատմամբ, որոնք կողմ էին ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը: Խփված օդանավի դեպքից հետո լարվածությունն աճում է։
Կողմերը մեղադրում են միմյանց լրտեսության մեջ, ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել հակամարտության աճի առնչությամբ: Գրիգորյանը պնդում է, որ հայ-ռուսական և ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վատթարացումը կարող է նոր խթան դառնալ խաղաղության միջպետական համաձայնագրի ստորագրման գործընթացի համար, ինչը կհանգեցնի հայ-թուրքական սահմանի բացմանը և կնպաստի տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացմանը: