Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԻ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը խոսելով ստեղծված իրավիճակի և հետագա զարգացումների մասին, նկատեց՝ պետք է սպասել, որ հրոսակախմբերին Նիկոլ Փաշինյանն առաջնորդելու է դեպի Մայր Աթոռ, դեպի Վեհարան։

«Այս ամբողջ գործընթացների մեջ ինձ համար զարմանալին միայն մեկ բան է, թե, օրինակ, ինչո՞ւ է պետք Նիկոլ Փաշինյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու համար ստանալ ԱԺ թույլտվությունը։ Այսինքն՝ այս ձևականություններն ինչի՞ համար են պետք, եթե միևնույն է՝ որևէ օրինականություն չի պահպանվում և ամեն տեղ խախտված են բոլոր օրենքները։ Բայց այդքանից հետո նա ուզում է ԱԺ թույլտվությունը, ինչի՞ համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նրա բնորոշմամբ՝ Փաշինյանին թույլատրվում է ամեն ինչ, որովհետև նա իրականում այսօր մեծ ծրագրի իրագործող է՝ աշխարհաքաղաքական ծրագրի։

«Խնդիրը Հարավային Կովկասն Արևմուտքից արտահանելու մեջ է։ Սրան լինելու էր 2 դիմադրություն, առաջինը՝ Հայաստանի ներսում դիմադրությունը, որի լուծումը դրված է Փաշինյանի վրա, և արտաքին դիմադրություն՝ Ռուսաստան-Իրան, որի լուծումը դրված է թուրք-ադրբեջանական դաշինքի վրա։ Հիմա Փաշինյանն իր գործը գերազանցիկի նման անում է՝ լավ իմանալով, որ ինքը նախապես տրված ինդուլգենցիա ունի, և այդ խնդրի լուծման իրավական ֆոնն իր պատվիրատուներից կամ միջագային հանրությունից որևէ մեկը չի բարձրաձայնելու։ Դրա համար նա այդ քայլերն անում է շատ հանգիստ ու առանց մտածելու հետևանքների մասին»,- հավելեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը և հարցին՝ այս գործողություններին կհետևի՞ Վեհարանի վրա հերթական գրոհը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց՝ կարդում է «168 ժամ», վստահում է լրատվամիջոցի տեղեկություններին, որ քննչական խումբ է ձևավորվել։

«Հիմա իշխանությունը դրա անունը կդնի քննչական խումբ կամ իրավապահներ և այլն, սա այն նույն հրոսակախումբն է, որի մասին խոսքիս սկզբում ասացի։ Համոզված էի, որ այդպես է լինելու, ցավոք, դրա մասին մի քանի օր առաջ խոսել եմ, որ 2 արքեպիսկոպոսների կալանավորումը մեկ բանի համար էր պետք, որպեսզի հանրության կողմից աստիճանաբար սկսվի այդ ամենը նորմալ ընկալվել։

Աշխատում են «օվերտոնի պատուհանի» սկզբունքով՝ սկզբից կալանավորել մեկ եպիսկոպոսի, հետո՝ մյուսին, այնուհետև երբ այդ ամենը նորմալ ընկալվի, գնան ու կալանավորեն կաթողիկոսին։ Այստեղ իրավական պրոցես չկա, կա քարոզչական արշավ, և կա ժողովրդի դիմադրությունը կոտրելուն ուղղված քայլեր։ Եթե միանգամից գրոհեին Վեհարանի վրա, հնարավոր է՝ ժողովրդի դիմադրությունն այնքան մեծ լիներ, որ միագամից չկարողանային այդ խնդիրը լուծել»,- նշեց Հ. Մելիք-Շահնազարյանը։

Նա նաև ընդգծեց՝ ազգը, ժողովուրդը պետք է իշխանությունների այս քայլերին ընդդիմանա, փողոցներում պայքար սկսվի՝ իշխանությունների գործողությունները կասեցնելու համար։ Ժողովուրդը նաև ընդդիմությունից պետք է պահանջի, որպեսզի իր բաժին գործն անի։

«Այս պահին ընդդիմությունը մեկ բան ունի անելու՝ անվստահության գործընթաց սկսելու համար։ Հիմա մեզ մոտ կա խզում՝ ընդդիմություն-հանրություն հարաբերություններում։ Ընդդիմությունը չի բացատրում, թե ինչ է իր ծրագիրը, հանրությունն էլ ընդդիմությունից իր պահանջը հստակ չի ձևակերպում։ Ասում եմ՝ այս իրավիճակում միայն մեկ ելք կա՝ հանրությունը պետք է փողոցներում ապահովի անհրաժեշտ աջակցություն, իսկ ընդդիմությունն էլ կարողանա իր պարտավորություններն իրականացնել ԱԺ-ում՝ անվստահության գործընթացն ավարտին հասցնելու համար»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

168.am