Գեղամ Մանուկյանի հեռախոսն առգրավել են, որդուն` ձերբակալել

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«ԱԱԾ-ն ապօրինաբար առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել»,–գրել է Վարդանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 8-ին Գյումրիում տարեցների և «Դիմադրություն» շարժման երիտասարդ անդամների միջև բախում էր տեղի ունեցել։ Հայտնի էր դարձել, որ դեպքով կան ձերբակալվածներ, որոնց թվում նաև Գեղամ Մանուկյանի որդին` Տարոնը։

Նշված գործով մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: 2022 թվականի հոկտեմբերին Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը ազատ արձակվեց։

Sputnik Արմենիա