ՌԴ-ում ՀՀ դեսպանը հաճելի զրույց չի ունեցել փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ

Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ՌԴ արտաքին գործերի նախարարությունում հաճելի զրույց չի ունեցել փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Թեև ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արսենյանին է փոխանցվել Ռուսաստանի շուրջ «կառուցողական տեղեկատվական ֆոն պահպանելու» անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը, սակայն, ըստ թերթի, նրա միջոցով ՀՀ իշխանություններին փոխանցել են՝ եթե կատարեն Արևմուտքի պահանջը, և հանրային մուլտիպլեքսից հեռացվեն ռուսական պետական հեռուստաալիքները, ապա կարող են բախվել տհաճ անակնկալների, հատկապես տնտեսական սանկցիաների տեսքով։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) հայտարարել էր, որ Հայաստանում հեռարձակվող ռուսական մի շարք հաղորդումներ խախտում են ՀՀ օրենսդրությունը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը։

2024-ի ապրիլի 10-ին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է միակողմանիորեն խզել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» միջպետական համաձայնագիրը: Մարտի 30-ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) հայտնել էր լրագրող Վլադիմիր Սոլովյովի հեղինակած հաղորդումների հեռարձակումն արգելափակելու մասին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 1-ին առաջարկել էր քննարկել ռուսական պետական ալիքների հասանելիության հարցը ՀՀ-ում:

Armenia Today