ՔԿ․ 7 անձ ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ
Այսօր ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հայտնել էինք, որ այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ու մի քանի այլ ՀՅԴ-ականների տներում։
«Ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա