Ահաբեկչության նախապատրաստման գործի շրջանակում առգրավվել են նաև Strikeball խաղի պարագաներ

Ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՅԴ-ական երիտասարդների տներում կատարված խուզարկությունների ժամանակ առգրավվել են ոչ միայն օրինական զենքեր, այլև Strikeball հայտնի տակտիկական խաղի պարագաներ։ Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը, որին մինչ այս պահը չի հաջողվել ներս մտնել և հանդիպել իր պաշտպանյալ Վահագն Մատինյանին։ Վերջինս ևս ձերբակալվել է նախաձեռնված վարույթի շրջանակներում։

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, թե մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։ Այս պահին ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ահաբեկչության նախապատրաստություն հոդվածի հատկանիշներով։

«Ոչ հանրային քրեական հետապնդման, ոչ էլ ձերբակալման վերաբերյալ որոշում ինձ չի տրամադրվել, դրա համար չեմ կարող մեկնաբանել, բայց ժամը 9-ից այստեղ եմ և չեմ կարողանում ներս մտնել, ահազանգել եմ ՄԻՊ, արդեն մոտ կես ժամ է՝ աշխատակազմի ներկայացուցիչները ներսում են, բայց անգամ նրանց միջամտությունից հետո չի ստացվում ներս մտնել»,- լրագրողների հետ զրույցում նշեց Գևորգ Մուրադյանի և Տարոն Մանուկյանի պաշտպան Աբգար Պողոսյանը։

Նրա ենթադրությամբ՝ ՔԿ տարածած հաղորդագրության մեջ հիշատակվող մեղադրյալի կարգավիճակով ձերբակալվածը Տարոն Մանուկյանն է, ըստ փաստաբանի՝ կալանքի տանելու նպատակով։

«Անգամ առանց վարույթի նյութերը տեսնելու կարող եմ ասել՝ այն պրոցեսները, որոնք հիմա կատարվում են, իրավական գործընթացի հետ կապ չունեն, ուստի դրանց իրավական մեկնաբանում տալ և իրավական ակնկալիք ունենալը մեր կողմից ողջամիտ չէ»,- նշեց Պողոսյանը՝ շեշտելով, որ մինչ այս պահն օրինական որևէ բան չի կարողանում տեսնել։

Հավելենք, որ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Տարոն Մանուկյանի հայրը՝ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը նշեց, որ դաշնակցական երիտասարդներից մեկի տնից խուզարկության ժամանակ հայտնաբերել են հայտնի սպորտային խաղ, որը վաճառվում է երևանյան տարբեր խանութներում և դա ևս առգրավել են՝ որպես ահաբեկչության նախապատրաստման ապացույց։

«Մեր երիտասարդներից մեկը «радиолюбитель» է` էլեկտրոնիկա է սիրում, նաև մեր երիտասարդականից է, գիտեք՝ տարբեր բանակումներ ենք անում, տարբեր ռազմախաղեր ենք անում, Երևանում էլ կան բազմաթիվ խանութներ, որտեղ վաճառում են փոքր գնդիկներով, դիմակներով ռազմախաղ։ Դրանց մեջ կան պլաստմասե գնդիկներ, որ պայթեցնում են խաղերի ժամանակ, որ ավելորդ ծախսեր չանելու համար սիսեռ են լցնում։ Դա գտել են ու համարել են ահաբեկչության նախապատրաստություն»,- նշեց Մանուկյանը։

Վերջին տեղեկություններով՝ առավոտյան կատարված խուզարկություններից հետո ձերբակալվել են Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը (Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին- խմբ), ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանը, Անդրանիկ (որից տնից հայտնաբերվել է հայտնի խաղը խմբ) և Կարո անունով երիտասարդներ։

Հավելենք, որ խուզարկություններից հետո ՔԿ հրապարակած լուսանկարներում ներկայացված են տարբեր զենքեր, կոշիկ, «մահ կամ ազատություն» գրությամբ շապիկ և այլն։

Sputnik Արմենիա