Կեղծ լուր է. «Տաշիր» ընկերությունների խումբը սոցիալական աջակցություն չի տրամադրում

«Տաշիր» ընկերությունների խումբը հերքում է սոցիալական ցանցերում և մեսինջերներում տարածվող լուրը, թե ընկերությունն ու Սամվել Կարապետյանը 150,000 դրամի չափով սոցիալական աջակցություն է տրամադրում քաղաքացիներին։ Հաղորդագրությունը տարածել է «Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ» ֆեյսբուքյան խումբը։

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունը կեղծ է»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ պաշտոնական հայտարարություն չի հրապարակել նման վճարումների կամ սոցիալական ծրագրերի վերաբերյալ՝ նշված պայմաններով։

Հիշեցնենք` գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:

Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։

Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։

Sputnik Արմենիա