ՔԿ-ի առգրաված նռնականման առարկայում սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ են
ՀՀ քննչական կոմիտեի կողմից խուզարկության ժամանակ առգրաված և որպես ահաբեկչության նախապատրաստման ապացույցներից մեկը ներկայացված նռնականման առարկայում սիսեռի հատիկներ են եղել։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը հրապարակել է նռնականման առարկայի լուսանկար՝ հիշեցնելով, որ այն նախատեսված է սթրայքբոլ հայտնի տակտիկական, սպորտային խաղի համար։
ՀՅԴ-ից շեշտում են նաև, որ դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։
«Առգրավված բոլոր զենքերը օրինական են։ Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում՝ նռնականման առարկան նախատեսված է սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։ Այս պահին խոսք է գնում 4–5 ձերբակալվածի մասին, որոնց թվում են Գեղամ Մանուկյանի որդին` Տարոն Մանուկյանը, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը (Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին– խմբ․) և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։
Sputnik Արմենիա