ՔԿ-ն պնդում է՝ առգրավվածը ոչ թե սպորտային խաղի պարագաներ են, այլ ռազմամթերք
Այսօր կատարված խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը «Ֆ1» տեսակի մարտական նռնակ է, ռազմամթերք են նաև 2 էլեկտրական անդրապայթիչները (դետոնատորները)։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե խուզարկությունների ժամանակ ՔԿ-ն առգրավել է տարածված սթրայքբոլ խաղի պարագաներ։
ՔԿ-ից հայտնում են՝ այն, որ առգրավվել է ռազմամթերք, հիմնավորվում է նշանակված դատապայթյունատեխնիկական, դատաձգաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննության շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքներով։
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք զերծ մնալ անձնական կամ այլ շարժառիթներով պայմանավորված ապատեղեկատվություն տարածելու արատավոր գործելաոճից, ինչպես նաև ձեռնպահ մնալ հանրության շրջանում քրեական վարույթի նյութերից չբխող կեղծ տեղեկություններ շրջանառելուց»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Կոմիտեից վստահեցնում են, որ օրենքով սահմանված կարգով հակազդելու են հակաօրինական բնույթ կրող ցանկացած տեսակի հանցավոր ոտնձգությանը։
Ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը հրապարակել էր նռնականման առարկայի լուսանկար՝ հիշեցնելով, որ այն նախատեսված է սթրայքբոլ հայտնի տակտիկական, սպորտային խաղի համար ու շեշտել, որ այսօր դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։
Sputnik Արմենիա