ՌԴ ժուռնալիստների միությունը պահանջում է ազատ արձակել Sputnik Ադրբեջանի գործընկերներին
Ռուսաստանի ժուռնալիստների միությունը խորապես մտահոգված է և վճռական բողոք է հայտնում Sputnik Ադրբեջանի լրագրողների՝ խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի նկատմամբ շարունակվող կամայականությունների կապակցությամբ: Այս մասին ասված է միության բաց նամակում, որն ուղղված է միջազգային կազմակերպություններին, լրագրողական և իրավապաշտպան ասոցիացիաներին:
Հունիսի 30-ին ադրբեջանցի ուժայինները «գործողություն» են իրականացրել, որի արդյունքում Sputnik Ադրբեջանի 7 աշխատակից է ձերբակալվել: Խմբագրությունը խուզարկել են։ Հուլիսի 1-ին Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել է Sputnik Ադրբեջանի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։ Գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ-ի «Խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասին» հոդվածներով:
Ռուսաստանի ժուռնալիստների միությունը դիմել է միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով միջամտել և նպաստել գործընկերների անհապաղ ազատ արձակմանը:
«Ադրբեջանական իշխանությունների գործողությունները, այդ թվում` օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապերի վերաբերյալ լրագրողներին առաջադրվող անհիմն մեղադրանքները, Ադրբեջանի միջազգային պարտավորությունների աղաղակող խախտում են, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում, ինչպես նաև Մամուլի ազատության սկզբունքներում»,-ասված է նամակում:
Հուլիսի 7-ին Բաքվի դատարանը քննել է լրագրողների փաստաբանների բողոքարկումները խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Սակայն բողոքարկումները մերժվել են, և լրագրողները մնացել են կալանքի տակ։
«Այս որոշումը միայն խորացնում է իրավիճակը՝ ի ցույց դնելով արդար դատավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքները պահպանելու Ադրբեջանի իշխանությունների դժկամությունը։ Նման գործողությունները խաթարում են վստահությունը իրավական համակարգի նկատմամբ և վնաս հասցնում խոսքի ազատությանը»,- նշել են միությունում։
Միությունը միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ Կարտավիխի և Բելոուսովի դեմ մեղադրանքները մինչ օրս չեն հիմնավորվում ապացույցներով: Այդ մեղադրանքները, միության տեսանկյունից, ուղղված են նրանց գործունեության վարկաբեկմանը և մամուլի ազատության սահմանափակմանը։
«Ռուսաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լրագրողների իրավունքները պաշտպանելու համար»,-նշված է նամակում:
Միությունը պահանջում է․
- ձերբակալվածներին անարգել այցելելու հնարավորություն ապահովել ՌԴ դիվանագետների և փաստաբանների համար՝ հյուպատոսական և իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով,
- ձերբակալման հանգամանքների անկախ և թափանցիկ քննություն անցկացնել՝ հանրությանը ամբողջական տեղեկատվություն տրամադրելով իշխանությունների գործողությունների իրավական հիմքերի վերաբերյալ,
- դադարեցնել լրագրողների նկատմամբ ցանկացած տեսակի ճնշումները և ապահովել մասնագիտական գործունեության իրավունքը միջազգային չափանիշներին համապատասխան:
«Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում անմասն չմնալ լրագրողների իրավունքների այս աղաղակող խախտումից։ Ռուսաստանի ժուռնալիստների միությունը ուշադիր կհետևի իրավիճակի զարգացմանը և բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի իր գործընկերներին պաշտպանելու և արդարությունը վերականգնելու համար»,-ասված է բաց նամակում:
Հիշեցնենք` ռուս–ադրբեջանական հարաբերությունները սրվեցին, երբ Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք կասկածվում են սպանությունների և այլ հակաիրավական գործողությունների համար:
Sputnik Արմենիա