Կալանավորվել է «Տաշիր Պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը

1 ամսով կալանավորվել է «Տաշիր Պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը: Որոշումը դատարանը կայացրել է ուշ գիշերը։

Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ «Տաշիր Պիցցա» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):

Ավելի վաղ դադարեցվել էր ցանցի 32 հաստատություններից 12-ի աշխատանքը, դրանց մեծ մասի աշխատանքը վերսկսվել է։

Ստուգումները սկսվել են «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման հետ գրեթե միաժամանակ։ Նրան կալանավորել են հունիսի 18-ին ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով։

Նախօրեին նա հանդես էր եկել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու՝ քննադատելով իշխանություններին։

Այս ֆոնին իշխանությունները սկսել են Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը։

Խուզարկություններ են կատարվել ՀԷՑ-ի և «Տաշիր» ընկերությունների խմբի գրասենյակում։ Կան ձերբակալվածներ և կալանավորվածներ ։