Էջմիածնի նախկին քաղաքապետը հարցաքննվել է

Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Նշենք, որ 37-ամյա Դիանա Գասպարյանը, ում ընտանիքի անդամներն իր պաշտոնավարման ընթացքում հայտնվել են տարբեր աղմկահարույց պատմություններում, մայիսին հրաժարական էր տվել՝ 7 տարի պաշտոնավարելուց հետո «որոշելով նվիրվել ընտանիքին»։

«Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել, ու առաջիկայում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ աղմկահարույց գործընթացներ են սկսվելու»,–գրում է օրաթերթը։

2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հետք»-ի՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերնագրով հոդվածը, նյութերն ուղարկել էր գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունից հաստատել էին քրեական վարույթ նախաձեռնելու փաստը և հայտնել, որ այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:

Հիշեցնենք՝ 2025 թ. մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն պատկանող գազալցակայանում կրակոց է հնչել, 36-ամյա տղամարդ է մահացել։ Ըստ ԶԼմ-ների՝ իրավապահները սպանության գործով փնտրում են Արմավիրի մարզում «ՃԱՊ» մականունով հայտնի 33-ամյա Կարեն Բադալյանին։ Ըստ տեղեկությունների՝ մարտի 25-ին կատարված սպանության գործով իրավապահները խուզարկություն են կատարել Դիանա Գասպարյանի տանը։

Մարտին հայտնի դարձավ նաև, որ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը 13,6 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, և այդ փաստով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։

Հավելենք, որ Դիանա Գասպարյանի ամուսինը Վաղարշապատի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Նրանց ընտանիքը նախկինում ևս հայտնվել էր սկանդալների կենտրոնում։ Մասնավորապես, դեռ 2023թլրատվամիջոցները գրում էին, որ Դիանա Գասպարյանի սկեսուրը Վաղարշապատում ապօրինի շինարարությամբ է զբաղվում։ Այն ժամանակ ևս Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր վարույթ, Դիանա Գասպարյանը հարցաքննվել էր։

Sputnik Արմենիա