ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակ. Գազայում գրեթե 800 մարդ է սպանվել հումանիտար կետերի և շարասյուների մոտ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻԳՀԳ) ուրբաթ օրը հայտարարել է, որ Գազա օգնության մատակարարումների մեկնարկից ի վեր արձանագրել է առնվազն 798 սպանություն ինչպես ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ կազմակերպված օգնության կետերում, այնպես էլ այլ կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, հումանիտար շարասյուների մոտ։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվածների մեծ մասը՝ 615 մարդ, զոհվել է Գազայի հումանիտար օգնության հիմնադրամի (Gaza Humanitarian Foundation, GHF) հովանու ներքո գործող օգնության բաշխման կետերի մոտ։ Եվս 183 մարդ, ըստ նախնական տվյալների, սպանվել է հումանիտար շարասյուների երթուղիներում։

«Հուլիսի 7-ի դրությամբ մենք արձանագրել ենք արդեն 798 մահվան դեպք, որից 615-ը՝ Գազայի հումանիտար օգնության հիմնադրամի օբյեկտների մոտ, ևս 183-ը՝ ենթադրաբար հումանիտար շարասյուների երթուղիներում», - Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԻԳՀԳ ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին։

GHF հիմնադրամն օգտագործում է ամերիկյան մասնավոր անվտանգության և լոգիստիկ ընկերություններ՝ Գազա օգնություն հասցնելու համար՝ զգալի չափով շրջանցելով ՄԱԿ-ի համակարգման համակարգը։ Իսրայելը պնդում է, որ նախկին համակարգի միջոցով հումանիտար օգնության մի մասը իբր հայտնվում էր զինյալների ձեռքում։

Հիմնադրամն ինքը սննդի փաթեթների բաժանումը սկսել է մայիսի վերջին և բազմիցս հերքել է այն հաղորդագրությունները, թե իր կետերում զոհերով միջադեպեր են տեղի ունեցել։

News.am